
Նախատեսվում է արդյոք բարձրացնել թոշակների չափը. պատասխանում է նախարարը

2024-ին թոշակների չափը չի ավելանա, բայց 2025-ին նման փոփոխություն նախատեսված է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ մինչ այդ ընդունվել է կարեւոր որոշում 10 տոկոսի չափով քեշբեքի ծրագրի իրականացման մասին՝ թոշակների եւ նպաստների անկանխիկ հաշվարկներից, բայց ոչ ավելի, քան 5 հազար դրամը։
«Ի՞նչ է սա, եթե ոչ թոշակների բարձրացման էֆեկտ»,- հավելեց նախարարը։
Մկրտչյանը նշեց, որ 10 տոկոսով քեշբեքի ծրագրի իրականացման արդյունքում անկանխիկ գործարքների ընդանուր ծավալը կազմել է 62 մլրդ դրամ։
«Տրամադրված քեշբեքի չափը կազմում է 5,2 մլրդ դրամ»,- ասաց նա։
Ըստ նրա՝ 515 հազար մարդ թոշակ կամ նպաստ է ստանում անկանխիկ ձեւով։
«Առաջիկայում մենք կնախաձեռնենք օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա թոշակի տարիքի հասած մարդկանց հետաձգել թոշակների վճարման սկիզբը, որպեսզի հետո դրանք ստանա էլ ավելի մեծ չափով»,- ասաց նախարարը։