
Կադաստրի կոմիտեի ղեկավարը՝ ինքնակամ կառուցված շինությունների մասին

Ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման ժամկետներն ավարտված են։ 2022 թվականի իրականացվող գործընթացի արդյունքում հաշվառվել է 63 հազար ինքնակամ շինություն։ Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ ժամկետների երկարաձգում նախատեսված չէ։
«Այս ամբողջ ընթացքում մեր մասնագետները կատարել են լայնածավալ աշխատանք, տեղեկատվությունը մուտք է արվել Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգ։ Կան դիմում բողոքներ այն մասին, որ որոշ քաղաքացիներ չեն հասցրել, հաշվառման ժամկետը բաց են թողել։ Ասեմ, որ քաղաքացիներն ունեին 2 տարի ժամանակ»,-նշել է Թովմասյանը։
Այն ինքնակամ շինությունները, որոնք նշված ժամկետում չեն հաշվառվել, օրենսդրությամբ բացառվում է դրանց օրինականացման գործընթաց սկսելը։ Այդ շինությունների հաշվառելը դեռ չի նշանակում, որ այն ճանաչվում է օրինական։ Քաղաքացին շինությունը օրինականացնելու համար պետք է դիմի համայնքի ղեկավարին։ Եթե օրինականացնելու որոշում լինի, ապա համապատասխան փաստաթղթերը կներկայացվեն Կադաստրի կոմիտե և կսկսվի օրինականացման գործընթաց։