Էկվադորի բանտից հայտնի մաֆիոզ է անհետացել․ երկրում արտակարգ դրություն է հայտարարվել

Էկվադորի բանտից հայտնի մաֆիոզ է անհետացել։ Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս մասին հայտնում է BBC News-ի ռուսական ծառայությունը։


Ադոլֆո Մասիաս Վիլամարը՝ Ֆիտո մականունով, բանտում էր 12 տարի և միևնույն ժամանակ գլխավորում էր «Լոս Չոներոս» («Մարդիկ Չոնե քաղաքից») հզոր մաֆիոզ խմբավորումը։ Վիլամարի խուցը գտնվում է Գուայաքիլի բանտի մի մասում, որը, տեսականորեն, պետք է հատկապես խստորեն պահպանվի։


Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան 60 օր ժամկետով արտակարգ դրություն է հայտարարել, որը ներառում է, ի թիվս այլ բաների, հասարակական հավաքների ժամանակավոր արգելք և պարետային ժամ։


«Նարկոահաբեկչական խմբավորումները ցանկանում են վախեցնել մեզ և կարծում են, որ մենք կզիջենք նրանց պահանջները։ Բայց մենք չենք բանակցի ահաբեկիչների հետ և չենք հանգստանա, քանի դեռ երկրում խաղաղություն չենք հաստատել»,- ասել է Նախագահ Նոբոան:


35-ամյա Դանիել Նոբոան հաղթել է նախագահական ընտրություններում անցած հոկտեմբերին՝ երեք ամիս էլ չանցած: Նախընտրական քարոզարշավի ժամանակ սպանվել է թեկնածուներից մեկը՝ նախկին լրագրող և հակամաֆիայի մարտիկ Ֆերնանդո Վիլյավիսենսիոն, իսկ Լոս Չոներոսը և անձամբ Ֆիտոն, ովքեր սպառնացել են քաղաքական գործչին, կասկածվում են այս սպանության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ