
Արցախահայերին օգնության տրամադրման «խնդրահարույց» պայմանագիր․ քաղաքապետարանից պարզաբանում են

«Հրապարակ» թերթը գրել է․ «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հավանաբար, տեղյակ չէ, որ Արցախը հայաթափվել է ու ամբողջովին հանձնվել Ադրբեջանին։ Այդ մասին է հուշում 2023 թվականի դեկտեմբերի 28-ին Երեւանի քաղաքապետանի եւ անհատ ձեռնարկատեր Ժաննա Մուսայելյանի միջեւ կնքված պայմանագիը։ Բանն այն է, որ այդ պայմանագրով Ժաննա Մուսայելյանին փոխանցվել է 38 մլն 246 հազար դրամ՝ 01.10.2023 թվականից մինչեւ 10.11.2023 թ. «Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար հյուրանոցային ծառայություններ մատուցելու» համար։ Փաստորեն, ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվել է հետին թվով` ծառայությունները մատուցելուց եւ անգամ Արցախը հանձնելուց հետո: Հարց է առաջանում, թե ԱՁ Ժաննա Մուսայելյանը 01.10.2023 թվականից մինչեւ 10.11.2023-ը ինչի՞ հիման վրա է ծառայություն մատուցել, ու ինչո՞ւ են որոշել այս ԱՁ-ին պատվիրել նման ծառայությունների մատուցումը։ Առանձնապես խոշոր գնով այս պետական գնումը քաղաքապետարանը Ժաննա Մուսայելյանից կատարել է մեկ անձից գնման ընթացակարգով»։
Auroranews-ին քաղաքապետարանից հայտնեցին, որ կա Կառավարության համապատասխան որոշում, ըստ որի, համայնքն ու մարզերը, պետք է ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կեցությունն ապահովելու համար իրականացնեն մարդկանց տեղավորելու գործընթաց։
«2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 10-ը Երևան համայնքը ապահովել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կեցության պայմանները Երևան քաղաում։ Երբ նշված ժամանակահատվաում այդ մարդիկ եղել են համապատասխան վայրում, այսինքն՝ հյուրանոցային համալիրում, բնականաբար այդ ծառայությունների մատուցման համար Երևանի քաղաքապետարանը տվյալ ԱՁ-ին փոխանցել է տվյալ գումարը»,- նշեցին քաղաքապետարանից։
Ինչ վերաբերում է այն հատվածին, որ դեպքերը տեղի են ունեցել սեպտեմբերին, ինչու է գումարը դեկտեմբերին փոխանցվել, Քաղաքապետարանից մանրամասնեցին․
«Այդ մարդիկ մի ամսից մի փոքր ավել ծառայություն են մատուցել մեր հայրենակիցներին, որից հետո համապատասխան հաշիվը, ապրանքագրերը փոխանցել են, որի հիման վրա էլ վճարումը կատարվել է»։