ՀԱՄԱՍ-ի դեմ հարձակումից հետո պատանդների վերաբերյալ բանակցությունները դադարեցվել են. NBC
Իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները դադարեցվել են հունվարի 2-ին Լիբանանի Բեյրութ քաղաքի հարավային արվարձանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրասենյակի վրա հարձակումից հետո, հայտնում է ամերիկյան NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի անանուն պաշտոնյաներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայումս պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ խորհրդակցություններ չկան, սակայն Իսրայելի իշխանությունների և ՀԱՄԱՍ-ի ղեկավարության ներկայացուցիչները շարունակում են շփվել այլ հարցերի շուրջ։
NBC News-ի զրուցակիցներից մեկը նշում է, որ ՀԱՄԱՍ-ի լիբանանյան գրասենյակի վրա հարձակումը «էականորեն ազդել է բանակցողների տրամադրության վրա»։ Հեռուստաալիքի աղբյուրը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը չի ցանկանում ազատ արձակել պատանդներին, քանի որ դրանից անմիջապես հետո իսրայելական հարձակումները շարժման դիրքերի վրա կարող են կտրուկ ակտիվանալ։
Հունվարի 2-ին իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող ՀԱՄԱՍ-ի գրասենյակին։ Արդյունքում չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ Սալեհ ալ-Արուրին` շարժման փոխղեկավարը: