Իրաքում ամերիկյան հարվածից սպանվել է իրանամետ շիա խմբավորման առաջնորդը. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Փեթ Ռայդերը հաստատել է, որ Միացյալ Նահանգները հարվածել է իրաքյան շիա «Հարաքաթ ալ-Նուջաբա» աշխարհազորային խմբավորման առաջնորդ Մուշթակ Ջավադ Քազիմ ալ-Ջավարիին, որը հայտնի է Աբու Թաքվա անունով:


«ԱՄՆ զինվորականները «անհրաժեշտ և համաչափ գործողություններ» են ձեռնարկել «Հարաքաթ ալ-Նուջաբի» առաջնորդի դեմ»,– ասել է Ռայդերը:


Նրա խոսքով՝ հարձակման արդյունքում սպանվել են Աբու Թաքվան ու նրա հանցակիցներից մեկը։ Ռայդերը լրագրողներին ասել է, որ Աբու Թաքվան ներգրավված է եղել ամերիկյան զորքերի վրա հարձակումների պլանավորման և իրականացման մեջ:


«Կարևոր է նշել, որ հարվածն իրականացվել է ինքնապաշտպանության նպատակով, որ ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել, և որ ոչ մի ենթակառուցվածք կամ օբյեկտ չի խոցվել»,- հավելել է նա։


«Հարաքաթ ալ-Նուջաբան» իրանամետ խմբավորում է, որը գործում է Իրաքում և Սիրիայում: