
Պետք չէ անհանգստանալ, որ իշխանությունն ինչ-որ բան կարող է խոստացած լինել Ադրբեջանին․ Աղազարյանը՝ գերիների վերադարձի մասին

«Շրջանառվող այն լուրերը, իբր իշխանությունը գերիների դիմաց կրկին ինչ-որ բան է, հաստատ, խոստացել, չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Պատգամավորը վստահեցրեց, որ ոչ մի հանգամանք չկա, որ կարող է անհանգստություն պատճառել մարդկանց։
«Գերիների փոխանակումն ըստ էության հետևանք է մեր միջազգային գործընկերների պարտադրանքի։ Հետևաբար պետք չէ անհանգստանալ, որ ինչ-որ բան կարող է իշխանությունը խոստացած լինել Ադրբեջանին»- ասել է Հովիկ Աղազարյանը, ապա հավելեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջին շրջանում պատրաստակամություն է հայտնել բանակցությունների երկկողմանի ֆորմատը ավելի առարկայական դարձնելու ուղղությամբ։
Ճշտող հարցին՝ արդյոք Ադրբեջանի պատրաստակամության արդյունքում հնարավո՞ր է նաև Արցախից զոհվածների աճյունները տեղափոխել ՀՀ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը 2 անգամ արդեն հրաժարվել է պայմանավորվածությունից, Աղազարյանն ասաց, որ այդ մասով հստակ տեղեկատվություն չունի։
Նշենք, որ այսօր ժամը 15։00-ին 32 հայ գերիներ վերադարձել են Հայաստանի Հանրապետություն։