ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր մանրամասներ՝ ՌԴ-ում դպրոցի հրաձգությունից․ կան զոհեր
Բրյանսկի գիմնազիայում հրաձգության հետեւանքով երկու մարդ Է զոհվել, չորսը՝ տուժել, զոհվածների թվում, հնարավոր է, հենց ինքը՝ կրակողը։ Այս մասին հայտնել է քաղաքային վարչակազմը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր ժամը 9։15-ին քաղաքային դիսպետչերական ծառայություն ահազանգ է ստացվել Բեժեցկի շրջանի թիվ 5 գիմնազիայում տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին: Նախնական տեղեկություններով՝ 8-րդ դասարանցի աղջիկը զենքը դպրոց է տարել, կրակ է սկսել։ Այս պահին հայտնի է չորս տուժածի և երկու զոհի մասին։ Հնարավոր է՝ զոհերից մեկը հենց աղջիկն է, ով կրակել է իր վրա»,- գրում է վարչակազմն իր տելեգրամյան ալիքում։
Մնացած բոլոր դպրոցականները մեծերի ուղեկցությամբ ուղարկվել են տուն։ Շենքը շրջափակված է ոստիկանության կողմից։
Տելեգրամյան SHOT ալիքը հրապարակել է տեսանյութ՝ կից գրելով․
«Բրյանսկի դպրոցում հրաձգության ժամանակ երեխաներն ու ուսուցիչները թաքնվել են դասարաններում։ Բայց ութերորդ դասարանցի աղջկա նպատակը դասընկերներն էին: Ալինան զենք է բերել դպրոց, մտել դասարան և կրակ բացել իր՝ 8-ի Ա դասարանի դասարանցիների վրա, որից հետո ինքն իր վրա է կրակել»: