ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վերջնական քանդեք, որ նոր մարդիկ չգան ապրեն». Ավինյանը՝ Արցախի փողոցի վթարային շենքերի մասին

2023 թվականը ներառյալ ունենք 4-րդ աստիճանի վթարայնության 14 շենք: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը:


«Կենտրոնում՝ 1, Էրեբունիում՝ 1, Շենգավիթում՝ 5, Աջափնյակում՝ 5, Ավանում՝ 1, Քաղաքեռ-Զեյթունում՝ 1:


3-րդ աստիճան վթարայնություն ունեցող շենքերի թիվը 107 է: Աջափնյակում՝ 36, Արաբկիրում՝ 5, Ավանում՝ 1, Կենտրոնում՝ 13, Շենգավիթում՝ 25, Մալաթիա-Սեբասիտիայում՝ 5, Էրեբունիում՝ 16, Քանաքեռ-Զեյթունում՝ 3, Նոր Նորքում՝ 2, Նուբարաշենում՝ 1»,- ասել է նա:


Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր հանձնարարական տվեց Շինարարության և բարեկարգման վարչությանը:


«Մենք այս վերջերս 40-ից ավել բնակարան հանձնեցինք տարբեր վթարային շենքերի բնակիչների, և հիմնականում դա Արցախի նրբանցքի շենքերն էին: Հենց այդ մարդկանց ամբողջական տեղափոխումը լինի, խնդրում եմ անպայմանորեն կազմակերպել այդ շենքերի քանդումը, վերջնական քանդենք այդ 4-րդ կարգի վթարային շենքերը, որ նորից մարդիկ չգան ապրեն ու նույն ցիկլի մեջ չմտնենք:


Չստացվի ևս 3 հոգի եկել ապրում է այդ շենքում, եկեք այս մարդկանց խնդիրն էլ լուծենք, դրա համար բոլորին տեղափոխենք, ու տեղափոխելու հաջորդ օրը միանգամից քանդենք շենքերը, թող գնան պատմության գիրկը»,- ասաց նա: