Հնդկաստանում ուժեղ փոթորիկ է սպասվում. փակել են դպրոցները եւ օֆիսները

Հարավային Հնդկաստանի իշխանությունները փակել են դպրոցները եւ օֆիսները, դադարեցրել թռիչքները եւ տարհանել ափամերձ շրջանների բնակիչներին՝ սպասվող ուժեղ փոթորկի պատճառով, որը հավանաբար ափին կմոտենա առաջիկա 24 ժամում։ Այս մասին հայտնում է Reuters-ը:


Սպասվում է, որ Միչաունգ ցիկլոնը հնդկական հարավային Անդհրա-Փրադեշ նահանգի ափերին կմոտենա երեքշաբթի առավոտյան, տեղեկացրել է երկրի օդերեւութաբանական բյուրոն, քամին կլինի կայուն՝ 90-100 կմ/ժամ արագությամբ եւ կարող է հասնել մինչեւ 110 կմ/ժամի։


Անդհրա-Փրադեշում իշխանությունները տարհանել են մոտ 7 000 մարդու ութ մերձափնյա շրջաններից եւ պատրաստվում են տարհանել ընդհանուր առմամբ 28 000 մարդու՝ կախված ցիկլոնի հետագծից եւ ուժից:


Թամիլ Նադուում իշխանությունները չորս մերձափնյա շրջաններում ոչ աշխատանքային օր են հայտարարել եւ խնդրել բնակիչներին առանց անհրաժեշտության փողոց դուրս չգալ։ ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Չեննաի օդանավակայանը հորդառատ անձրեւներից հետո երկուշաբթի առավոտյան երկու ժամով դադարեցրել է աշխատանքը, իսկ մի քանի չվերթներ չեղարկվել են կամ փոխել ուղղությունը դեպի այլ քաղաքներ։

Պատահարներ