ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արգենտինայի նոր նախագահ է դարձել Խավիեր Միլեյը, ով խոստացել է այրել Կենտրոնական բանկը և վերջ դնել «գնաճի քաղցկեղին»

Ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Խավիեր Միլեյը, ով Արգենտինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ֆավորիտ չէր համարվում, անսպասելիորեն հաղթել է՝ հավաքելով ձայների ավելի քան 56%-ը։ Այս մասին գրում է BBC–ի ռուսական ծառայությունը


Նրա մրցակիցը՝ էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասսան, ընդունել է պարտությունը և հաջողություն մաղթել նոր ղեկավարին։


«Ակնհայտ է, որ արդյունքներն այն չէին, ինչ ակնկալում էինք: Ես խոսել եմ Խավիեր Միլեյի հետ շնորհավորելու  և հաջողություն մաղթելու համար, քանի որ նա այն նախագահն է, որին արգենտինացիների մեծամասնությունը ընտրել է առաջիկա չորս տարիների համար», - ասել է Մասսան:


Խավիեր Միլեյը հանդես է գալիս տնտեսության դոլարիզացիայի, սեփականաշնորհման և Ռուսաստանի, Չինաստանի և Բրազիլիայի հետ համագործակցությունից հրաժարվելու օգտին՝ հօգուտ ԱՄՆ-ի և Իսրայելի։

Գզգզված մազերով 53-ամյա TikTok աստղին, երաժիշտին, տնտեսագետին և հեռուստահաղորդավարին համեմատել են ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի հետ՝ իր բուռն ոճի և հակասական հայտարարությունների պատճառով:


Նա, մասնավորապես, կոչ է արել «դեն նետել հիվանդ պեսոն հանուն ԱՄՆ դոլարի» և խոստացել է այրել Կենտրոնական բանկը՝ «գնաճի քաղցկեղին» վերջ տալու համար։


Ինչպես հիշեցնում է AFP-ն, Միլեյը դեմ է արտահայտվել հղիության արհեստական ​​ընդհատմանը, հրազեն կրելուն, խոստացել է խզել հարաբերությունները Արգենտինայի հիմնական առևտրային գործընկերների՝ Չինաստանի և Բրազիլիայի հետ, ինչպես նաև կասկածի տակ է դրել ռազմական բռնապետության զոհերի թիվը: Նա հերքել է, որ կլիմայի փոփոխությունը պայմանավորված է մարդկային գործունեությամբ։

Միլեյը նույնպես դեմ է Արգենտինայի՝ ԲՐԻԿՍ մտնելուն։


Քաղաքական գործիչը մեղմացրեց իր հռետորաբանությունը երկրորդ փուլից առաջ՝ ավելի չափավոր ընտրողներ գրավելու համար, բայց քարոզարշավի սկզբում նա բեմ բարձրացավ միացված բենզասղոցով, որը խորհրդանշում էր արմատական ​​փոփոխությունները, որոնք նա նախատեսում է իրականացնել տնտեսական խնդիրներ ունեցող երկրում:


Հրապարակված տեսակադրերում Արգենտինայի բնակիչները տոնում են Միլեյի հաղթանակը անցկացված նախագահական ընտրություններում:

Քաղաքականություն

Պատահարներ