
Երբեք այսքան մոտ չենք եղել Երրորդ համաշխարհայինին․ պատճառը մեկն է․ Թրամփ

Միացյալ Նահանգներն այժմ ավելի քան երբևէ իր պատմության մեջ մոտ է երրորդ համաշխարհային պատերազմին այն պատճառով, որ երկիրը ներկայացնում են ոչ կոմպետենտ մարդիկ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Ֆլորիդա նահանգում։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք մոտ ենք նրան, որ ոչ մի երկիր չենք ունենա։ Մենք նաև մոտ ենք երրորդ համաշխարհային պատերազմին։ Երբեք չէի կարող պատկերացնել ու մտածել այդ մասին, բայց մենք շատ մոտ ենք»,- ասել է Թրամփը։
Խոսելով ԱՄՆ գործող առաջնորդ Ջո Բայդենի մասին՝ Թրամփն ընդգծել է. «նա չի կարող իջնել բեմից, նա չի կարող երկու նախադասություն էլ ասել և նա է պատասխանատու միջուկային զենքի շուրջ մեր բանակցությունների համար»:
«Մենք երբեք այսքան մոտ չենք եղել երրորդ համաշխարհայինին։ Երբեք այսքան մոտ չենք եղել։ Եվ հուսով եմ, որ սխալվում եմ։ Սա կանխատեսում չէ, քանի որ ես երբեք նման կանխատեսումներ չէի անի։ Սարսափելի է դա ասել, բայց մենք երբեք այդքան մոտ չենք եղել Երրորդ համաշխարհային պատերազմին: Եվ պատճառը միայն մեկն է՝ մեր փոխարեն խոսում են ոչ կոմպետենտ մարդիկ»,- հավելել է ԱՄՆ նախկին նախագահը։
Հնրապետականը կարծում է՝գլխավոր խնդիրն Ամերիկայի անվտանգության ապահովումն է։
«Չորս տարի շարունակ Թրամփի վարչակազմի օրոք ես ապահովել եմ Ամերիկայի անվտանգությունը։ Ես ապահովել եմ Իսրայելի անվտանգությունը։ Ես ապահովել եմ Ուկրաինայի անվտանգությունը։ Ես ապահովել եմ աշխարհի անվտանգությունը։ Ոչ Իսրայելի, ոչ Ուկրաինայի հակամարտությունները տեղի չէին ունենա Թրամփի վարչակազմի օրոք։ Ոչ մի հնարավորություն չի եղել, որ դա տեղի ունենա»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Թրամփի կարծիքով՝ Բայդենի օրոք «ԱՄՆ-ն վերածվել է աշխարհի աղբանոցի», քանի որ, ինչպես ինքն է կարծում, երկրում «բանտերից ազատ են արձակում բանտարկյալներին»:
ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Բայդենը հայտարարել է, որ ձգտելու է վերընտրվել պետական բարձրագույն պաշտոնում: Թրամփն էլ իր հերթին հայտարարել է նախընտրական մրցավազքի մեջ մտնելու մասին։