ԱՄՆ-ի քաղաքականությունը պղպջակ է, որը պայթել է՝ բոլորի վրա արյուն շաղ տալով․ Զախարովա

Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք արդարացնում են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հետևանքով հազարավոր երեխաների զոհվելը, պատմական ամրագրման կարիք ունեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ընդմիշտ կորցրել է իրավամարդկային թեմաներով խոսելու իրավունքը։

 

«Այդ հրեշավոր խոսքերը, հայտարարությունները, որոնք իրենց թույլ են տալիս ամերիկյան ներկայացուցիչները, որոնք արդարացնում են հազարավոր երեխաների մահը, կարիք ունեն ոչ թե լրացուցիչ մեկնաբանությունների, այլ պարզապես այդ պահի պատմական ամրագրման։ Այս հայտարարություններն ինքնին ավելի շատ վարկաբեկում են Միացյալ Նահանգներին, քան որևէ մեկնաբանություն: Երբեմն հերթական ապականման փաստից հետո հնչող զրնգուն լռությունն ավելի մեծ ազդեցություն է ունենում, քան այս ամենը մեկնաբանելու փորձը՝ նույնիսկ հաջողված»,- ասել Է դիվանագետը Sputnik ռադիոյի եթերում։

 

Զախարովայի խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարողանում իրերն իրենց անուններով կոչել։

 

«Այն, որ ԱՄՆ-ն այս ամբողջ ընթացքում իր մեջ ուժ չգտավ ասելու ակնհայտը, այսինքն՝ իրերն իրենց անուններով կոչելը, կարծում եմ, սկզբունքորեն ընդմիշտ, ոչ թե մեկ տարով, ոչ թե հինգ տարով, նրանց մոտ սպանեց ցանկացած իրավամարդկային թեմաներից խոսելու հնարավորությունը։  Ոչ թե ինչ-որ գլոբալ, մասշտաբային, այլ ընդհանրապես ցանկացած, լինի դա բողոքի տրամադրություններ ինչ-որ երկրներում, լինի դա հանրահավաքներ, այն ամենը, ինչի մեջ նրանք սովորաբար մտնում էին՝ ներքին օրենսդրություն, պետության կառուցվածքի փոփոխություն, ժողովրդավարական գործընթացներ, ընտրություններ, տարածաշրջանային օրակարգ, ներքին օրակարգ տարբեր երկրներում»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

 

«Բոլորը՝ փոքրից մինչև մեծ, իրավունք չունեն այլևս մեկնաբանել, հայտարարություններ անել, դատապարտել, ոգեշնչել։  Նրանք այդ թեման իրենք են փակել այնքան ժամանակ, քանի դեռ չեն ընդունել այն հայտարարությունների հրեշավորությունը, որոնք նրանք արել են բառացիորեն՝ ի պաշտպանություն քաղաքացիական անձանց եւ հատկապես երեխաների սպանության»,- ընդգծել է նա։

 

Զախարովայի խոսքով՝ Միացյալ Նահանգները թույլ է տալիս նման հռետորաբանություն, քանի որ «հակառակ դեպքում պետք է խոստովանել, որ տարածաշրջանում նրանց ամբողջ քաղաքականությունը հերթական օճառի պղպջակն է, որը պայթել է՝ շրջապատում բոլոր մարդկանց վրա ցողելով արյուն»: