
Սենատում նշել են Ուկրաինային օգնության տրամադրման պայմանը

Սենատը պատրաստ է հաստատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը՝ ԱՄՆ սահմանը փակելու դիմաց։ Մի խումբ հանրապետական սենատորներ պահանջում են փոփոխություններ միգրացիոն քաղաքականության մեջ, այդ թվում ՝ ԱՄՆ հարավային սահմանին ապաստանի դիմումներ չընդունելը՝ որպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Իսրայելին և Ուկրաինային 106 միլիարդ դոլարի չափով օգնության փաթեթի վերաբերյալ խնդրանքին աջակցելու պայման, գրում է Wall Street Journal թերթը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ պարբերականի՝ Լինդսի Գրեհեմի գլխավորությամբ երեք սենատորների նախաձեռնությունն իրենից ներկայացնում է դեմոկրատ գործընկերների եւ Սպիտակ տան հետ բանակցություններում նախնական հայտ, ինչից պարզ է դառնում, որ պատրաստ է ներգաղթի քաղաքականության փոփոխությանը:
Իրազեկ աղբյուրների խոսքով՝ Սպիտակ տան պաշտոնյաները սկսել են աստիճանաբար ազդարարել ապաստանի տրամադրման համակարգում որոշակի փոփոխություններ կատարելու պատրաստակամության մասին: Վերջին օրերին վարչակազմի ներկայացուցիչները դիմել են ներգաղթի հայտնի պաշտպաններին, որպեսզի պատրաստեն նրանց հնարավոր փոխզիջումների, որոնք կարող են բացասական արձագանք առաջացնել:
Միևնույն ժամանակ, Կոնգրեսում առաջադեմ դեմոկրատները և իրավապաշտպանները սկսել են հրապարակավ դեմ արտահայտվել հնարավոր գործարքին նույնիսկ հանրապետականների ծրագրի հրապարակումից առաջ:
Հոկտեմբերի վերջին Սպիտակ տունը հարցում էր ուղարկել Կոնգրեսին՝ 2024 թվականի ֆինանսական տարում լրացուցիչ բյուջետային հատկացումների համար, որը սկսվել էր հոկտեմբերի 1-ին: Այն ներառում էր միջոցներ Իսրայելի և Ուկրաինայի համար, ինչպես նաև ներդրումներ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, մարդասիրական օգնություն և սահմանային անվտանգության միջոցառումներ: Ընդհանուր առմամբ, ԱՄՆ վարչակազմն ակնկալում է ստանալ մոտ 106 մլրդ դոլար այս կարիքների համար։
Այնուամենայնիվ, հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը (Կոնգրեսի ստորին պալատը) հավանություն տվեց Իսրայելին մոտավորապես 14,3 միլիարդ դոլար օգնություն հատկացնելու առանձին օրինագծին, որտեղ Ուկրաինան չի հիշատակվում: