Գազայում ամբողջությամբ անջատված են հեռախոսային և ինտերնետ հաղորդակցությունները
Գազայի հատվածում ամբողջությամբ անջատված են բոլոր հեռախոսային և ինտերնետ հաղորդակցությունները: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան Paltel հեռահաղորդակցական ընկերությանը։
«Մենք ցավով ենք հայտնում Գազայի հատվածում բոլոր հաղորդակցային եւ ինտերնետ-ծառայությունների ամբողջական դադարեցման մասին այն պատճառով, որ կապի միջազգային ուղիները, որոնք վերականգնվել Էին ավելի վաղ, կրկին անջատվել են»,- հայտնել է հեռուստաալիքը՝ մանրամասնելով, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ընդհատումը պայմանավորված է կապի միջազգային գծերի անջատմամբ:
Հիշեցնենք, որ կապն ու ինտերնետը Գազայի հատվածում դադարել էին աշխատել հոկտեմբերի 27-ին՝ հզոր պայթյուններից հետո։ Դրա պատճառով խաթարվել է բազմաթիվ հաստատությունների, այդ թվում ՝ շտապ օգնության թեժ գծի աշխատանքը։