Գազան գերեզմանոց է դարձել երեխաների համար, նրանցից 940–ը անհետ կորել է փլատակներում. ՄԱԿ

Գազայում շուրջ 940 երեխա անհետ կորած է համարվում։ Նրանք, հավանաբար, հայտնվել են փլատակների տակ, երեք շաբաթների ընթացքում մոտ 3450 երեխա էլ սպանվել է։ 

 

Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Ժնևում հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել են ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի մամուլի քարտուղար Ջեյմս Էլդերը և ՄԱԿ–ի հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցիչ Յենս Լաերկեն։

«Վերջին տվյալներով` Գազայում 940 երեխա է անհետ կորել», – ասել է Էդլերը լրագրողներին։

 

ՄԱԿ–ի հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցիչը հավելել է, որ իր կազմակերպությունը նույն տվյալներն ունի, և որ «անտանելի է մտածել փլատակների տակ մնացած երեխաների մասին այն դեպքում, երբ շատ քիչ շանս կա նրանց դուրս բերելու»։

 

ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի տվյալներով` Գազայում երեք շաբաթվա ընթացքում 3450 երեխա է սպանվել և ավելի քան 10 հազարը վիրավորում են ստացել։ Կազմակերպությունը հիշեցրել է նաև, որ Գազայի 2.3 մլն բնակչության կեսը 18–ից ցածր տարիքի են։

 

«Այդ թիվն օրեցօր զգալի ավելանում է։ Գազան երեխաների գերեզմանոցի է վերածվել։ Դա դժոխք է մյուսների համար։ Երեխաներին հասցվող վտանգը ավելի է, քան ռումբերի և ականանետերի հասցված վտանգը»,- նշել է Էլդերը։

Քաղաքականություն