Հայաստանը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել ռուսական բազայից մինչև 2044 թվականը. «Известия»
Հայաստանը մինչև 2044 թվականը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայից, պարզել է «Известия»-ն՝ ուսումնասիրելով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Ռուսաստանի ռազմաբազայի մասին 1995թ.-ի պայմանագիրը:
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը առավելություն է, թե խոչընդոտ, ասել է, որ այս պահին առավելությունները տեսանելի չեն։ Միաժամանակ նա նշեց, որ ներկայումս Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը չի քննարկվում։
Ինչպես գրում է «Известия»-ն, համապատասխան փաստաթղթի 27-րդ հոդվածում ասվում է. «Եթե կողմերից մեկը հայտարարում է սույն պայմանագիրը խզելու իր մտադրության մասին, ռուսական ռազմակայանի լուծարման հետ կապված հարցերը լուծվում են խառնակազմ հանձնաժողովի կողմից։ Ռուսական ռազմակայանի լուծարումը պետք է ավարտվի կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետում»։
2010 թվականին Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված ռուսական բազայի մասին համաձայնագրի թիվ 5 արձանագրության համաձայն՝ Հայաստանի տարածքում դրա գտնվելու ժամկետը երկարացվել է մինչև 2044 թվականը։
Այս տեղեկությունը «Իզվեստիա»-ին հաստատել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը։
«Համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված պայմանագրի, պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո այն ավտոմատ կերպով երկարաձգվում է հաջորդ հինգ տարի ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը պայմանագրի գործողության հերթական ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ դրա դադարեցման մտադրության մասին գրավոր չծանուցի պայմանագրի մյուս կողմին: Այս համաձայնագրի դրույթները կարող են վերանայվել կողմերից մեկի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ»,-«Известия»-ին ասել է Շվիտկինը։