Արմավիրի մարզում եռման ջրով լցված թեյնիկն անզգուշաբար ընկել է 1 տարեկան երեխայի վրա
Արմավիրի մարզում եռման ջրով լցված թեյնիկն անզգուշաբար ընկել է 1-ամյա երեխայի վրա, ով «ձախ վերին և ստորին վերջույթների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 13 տոկոս մարմնի մակերեսի ջերմային այրվածք եռացող ջրով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ից, որ «ձախ վերին և ստորին վերջույթների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 13 տոկոս մարմնի մակերեսի ջերմային այրվածք եռացող ջրով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:Ոստիկանները տեղում պարզել են, որ տեղափոխվածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1-ամյա Աստղիկ Ա.-ն:
Ոստիկանների կողմից կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում իրենց գյուղի տան խոհանոցում ծնողի անուշադրության հետևանքով ցածր սեղանի վրա դրված եռացված ջրով լցված թեյնիկը երեխան պատահաբար շրջել է իր վրա, ինչի հետևանքով էլ այրվածքներ է ստացել:
Դեպքի փաստով Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ: