
«Ինչի՞ց ավելի շատ վախենալ՝ երբ ընդդիմությունը ինչ-որ մեկին չի՞ սիրում, թե՞ սիրում է». Կոնջորյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր ելույթում անդրադարձել է ընդդիմության՝ խորհրդարանում հնչեցրած երեկվա ելույթներին․
«Նրանք դատավորների ընտրությունը վերածեցին քաղաքական պինգ-պոնգի հերթական դրվագի և թիրախավորեցին դատավորների որոշ թեկնածուների՝ ըստ իրենց քիմքի»,- ասել է Կոնջորյանը:
«Ընդդիմության երեկվա ելույթները եթե միայն ռադիոյով լսվեին, կթվար, թե Ֆեմիդան է ելույթ ունենում։ Սիրատոչոր, արդարադատության կանթեղը վառ պահած՝ փորձում էին արդարությունից, արդարադատությունից խոսել այն մարդիկ և այն մարդկանց ներկայացուցիչները, որոնք տասնամյակներ շարունակ ասպատակել են դատական համակարգը, իրավունքը, և այստեղ հրապարակում էին իրենց սիրելի և ոչ սիրելի դատավորների անուններ: Սա դատավորներին թիրախավորելու անընդունելի քայլ է: Ընդ որում, թիրախավորում էին ոչ միայն նրանց, ում քննադատում են, այլև նրանց, ում իրենք սիրում են, որովհետև դեռ հարց է՝ ինչի՞ց պիտի ավելի շատ վախենալ՝ երբ ընդդիմությունը ինչ-որ մեկին չի՞ սիրում, թե՞ երբ ինչ-որ մեկին սիրում է»,- ասել է նա:
Ըստ ՔՊ խմբակցության ղեկավարի՝ ելույթները, որոնցում դատավորներին փորձում էին հաթաթա տալ, հիշեցնել, որ քայլելու են փողոցներով և այլն, «դրանք ուղիղ սպառնալիք են դատական համակարգին և դատավորներին»: