ՌԴ–ում կարծում են` խաղաղության պայմանագիրը կազդի ՀՀ–ում իրենց ներկայության վրա. Արսենյան

Գուրգեն Արսենյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին և Ռուսաստանի հնարավոր վերաբերմունքին:

 

ՌԴ-ն իր սեփական աշխարհաքաղաքական շահերն ունի Խաղաղության պայմանագրի կնքման պրոցեսում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը՝ խոսելով հայ-ադրբեջանական բանակցային ձևաչափերի և հարթակների մասին։

 

Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում են մի շարք առանցքային պայմանագրեր, որոնք ամրագրում են ռազմավարական հարաբերությունները, Հայաստանում ռուսական բազայի ներկայությունը, ինչպես նաև համատեղ ՀՕՊ համակարգի առկայությունը և այլն:

 

«Այս ֆոնին Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր խաղաղության պայմանագիրը դիտարկում է որպես փաստաթուղթ, որը որոշակի առումով պետք է անդրադառնա նաև Հայաստանում ռուսական ներկայության հետագա հարցերին»,– ասաց նա:

Պատգամավորը դա միանգամայն բնական և հասկանալի երևույթ է համարում ու հավաստիացնում է, որ Հայաստանը չի վիճարկում Ռուսաստանի նման դիրքորոշումը:

 

«Արդյոք մեր գործընկերը կունենա այս քննարկումներում իր ցանկությունների շարադրանքը, որպեսզի դա որևէ կերպ ընդգրկվի այդ պայմանագրում, դա տեխնիկական հարց է, որը կլինի հայկական կողմի քննարկման կիզակետում։ Ադրբեջանն էլ իր դիրքորոշման մեջ ընդգրկում է Թուրքիայի ցանկությունները։ Ուղղակիորեն Թուրքիան չի մասնակցում բանակցություններին, բայց, իմ կարծիքով, իր ցանկությունները արտահայտված են այն տեքստում, որը մեզ առաջարկում է Ադրբեջանը»,-ասաց պատգամավորը։

 

Այս պահին ՌԴ–ն նույն կեպ վարվում է, թե` ոչ, Արսենյանը դժվարանում է պատասխանել։ Բայց եթե նման բան լինի, ապա նա վստահեցնում է, որ հայկական կողմը քննարկումների ընթացքում կներկայացնի իր դիրքորոշումը։