ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ներկայացուցչությունում իրավիճակը լարված է. Շահրամանյանը հանդիպել է ցուցարարների հետ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս է եկել Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց՝ լսելու բռնի տեղահանված քաղաքացիների բողոքները։

 

Նշենք, որ  Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք բողոքի ակցիա էին անում Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց, ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը, կարողացել են մուտք գործել շենք։

 

Նրանք փորձում էին հանդիպել Շահրամանյանի հետ, սակայն չհաջողվեց, ինչից հետո նախագահը դուրս եկավ շենքից։

«Ինչ պետք է ձեզ ասեմ, մեծ վտանգներ է պարունակում և՛ Արցախի, և՛ Հայաստանի հետագա ճակատագրի համար։ Բոլորս էլ դժվար իրավիճակում ենք, ծայրահեղ ծանր, ու ինչ այստեղ կատարվում է, ավելի է դժվարացնում իրավիճակը։ Մեր թշնամին մեկն է, բոլորս էլ գիտենք։ Ես բոլորիդ ու ձեր ընտանիքների առաջ պատասխանատու եմ»,- նշեց Շահրամանյանը։

 

Նա ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը ևս բոլորի հայրենիքն է, իրենք իրավունք չունեն վտանգելու ՀՀ–ի անվտանգությունը։ Արցախի նախագահը շեշտեց՝ պատրաստ է բոլորի հետ հանդիպել ու քննարկել այն ամենը, ինչում մեղադրում են իրեն։

 

Բողոքող քաղաքացիներից մեկը հարց ուղղեց Շահրամանյանին, թե ինչպես է պատրաստվում իրենց հարցերը լուծել, եթե ՀՀ ո՛չ ներկա, և ո՛չ էլ նախկին ղեկավարներն իրեն չեն վստահում, քանի որ որևէ մեկն իր հետ քննարկումներ չի անցկացրել։ Շահրամանյանն առարկեց՝ իրեն վստահում են։

Արցախի նախագահը քաղաքացիներին խնդրեց, որ իրենցից 20-30 հոգու ընտրեն, բարձրանան շենքի դահլիճ, հանգիստ զրուցեն, քանի որ դրսում մեկը մյուսին չեն լսում։ Բողոքի ակցիայի մասնակիցների մեծ մասը չհամաձայնեց այդ տարբերակին։ Որոշեցին, որ պետք է դրսում հարցեր տան ու ստանան պատասխանները։

Քաղաքականություն