
Ռուսաստանը նման է ՀԱՄԱՍ-ին. Եվրահանձնաժողովի ղեկավար

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը` ելույթ ունենալով Hudson Institute-ում, հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ն ու Ռուսաստանը նման են միմյանց: Հայտնում է meduza.io-ն:
«Վլադիմիր Պուտինը ցանկանում է ջնջել Ուկրաինան երկրի երեսից։ ՀԱՄԱՍ-ը, որին աջակցում է Իրանը, ցանկանում է ջնջել Իսրայելը երկրի երեսից։ Ռուսաստանն ու ՀԱՄԱՍ-ը իրար նման են: Ինչպես ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին` էությունը նույնն է»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Ֆոն դեր Լյայենի խոսքով ՝ Ռուսաստանն ու ՀԱՄԱՍ-ը մտադիր են որպես զոհ ընտրել քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաներին, նրանց սպանելու եւ պատանդ վերցնելու համար:
«Դա պայքարի բարբարոսական միջոց է, և եթե այս վարակը չկանգնեցվի, այն կարող է տարածվել Եվրոպայից Մերձավոր Արևելքի միջով և հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։ «Ցանկացած հաջողություն, որին նրանք կհասնեն, կոգեշնչի էլ ավելի մեծ բռնություն՝ ուղղված գոյություն ունեցող կարգը տապալելուն։ Կարգ, որի ստեղծման և պահպանման համար մեր մայրցամաքներում այդքան շատ կյանքեր են զոհաբերվել»,- ասել է ֆոն դեր Լյայենը:
Ընդ որում, Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիան դեռ կարելի է կանխել:
«Իսրայելի և նրա հարևանների միջև երկխոսությունը կարող է և պետք է շարունակվի»,- կարծում է նա:
Խոսելով Ուկրաինայի մասին՝ ֆոն դեր Լյայենը նշել է. «Մենք երբեք չենք կարող համեմատվել ուկրաինացի ժողովրդի հետ նրա անձնազոհությամբ և խիզախությամբ։ Բայց մենք կարող ենք ամուր կանգնել նրա կողքին։ Եվ դա այն է, ինչ մենք անում ենք այնքան ժամանակ, որքան կպահանջվի»:
Եվրամիությունը, ասել է նա, այդպես է վարվում ոչ միայն այն պատճառով, որ դա ճիշտ արարք է. «այլ այն պատճառով, որ նրանք պայքարում են մեր արժեքների եւ մեր ռազմավարական անվտանգության համար»: