
Ոստիկանությունը մերժում է արցախցիներին թարմացնել վարորդական վկայականները, բայց տուգանում է դրանք չթարմացնելու համար

Ոստիկանությունը մերժում է արցախցիներին թարմացնել վարորդական վկայականները, բայց տուգանում է դրանք չթարմացնելու համար
Արցախի վարորդները Հայաստանում տուգանվում են ոչ միայն ԱՊՊԱ պայմանագիր չունենալու, այլև ժամկետանց վարորդական վկայականների համար: Եթե հաշվի առնենք, որ ԱՊՊԱ պայմանագիր ունենալու հնարավորություն մեր երկիրը տալիս է յուրաքանչյուր անձի, ապա վարորդական վկայականի ժամկետանց լինելու համար վարչական պատասխանատվության ենթարկել Արցախի քաղաքացիներին առավել քան անտրամաբանական է:
Auroranews-ը «Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար Տիգրան Քեյանից տեղեկացավ, որ իրենց բազմաթիվ արցախցիներ են դիմել վարորդական վկայականի ժամկետանց լինելու համար տուգանքի ենթարկվելու խնդրով.
«Արցախցի վարորդին տուգանում են վարորդական վկայականի ժամկետանց լինելու համար, ինչը շատ սխալ է: Մարդիկ այդ մասով ոչինչ չեն կարող անել. վարորդական վկայականների թարմացում Արցախի գրանցում ունեցող քաղաքացիները չեն կարող կատարել, քանի որ ՀՀ-ում նման բազա չկա»:
Տիգրան Քեյանը նշեց, որ մեկ շաբաթ առաջ Արցախի քաղաքացիներից դիմել են «Վարորդի ընկեր» ՀԿ` հայտնելով, որ վարորդական վկայականների թարմացման համար իրենց դիմումը ՀՀ ոստիկանության կողմից մերժվել է այն հիմքով, որ նրանք Հայաստանի գրանցում չունեն, իսկ Արցախի գրանցումով վարորդական վկայականի թարմացում չեն կարող կատարել: Այս մասով կառավարությունը պետք է անհապաղ աշխատանքներ տանի»,-ասաց Տիգրան Քեյանը:
Ինչ վերաբերում է ԱՊՊԱ պայմանագրին, ըստ Քեյանի, ոստիկանությունը պետք է առաջին փուլով նախազգուշացնի, ոչ թե տարհանված մարդկանց ենթարկի վարչական պատասխանատվության:
Նշենք, որ Արցախի վարորդներին տուգանքի ենթարկելու խնդրի հետ կապված ՆԳՆ ոստիկանությունից մեզ պատասխանել էին.
«Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապահովումը՝ ի սկզբանե ՆԳՆ ոստիկանությունը շեշտը դրել է ոչ թե տուգանելու, այլ իրազեկման վրա՝ ձեռնարկելով նախազգուշական միջոցառումներ ՆԳՆ ոստիկանությունը բավական երկար ժամանակ ծառայություն է իրականացրել հենց այդ աշխատելաոճով: Նշվածից հետո է միայն դիտարկվել վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը երթևեկության բոլոր մասնակիցների համար»:
Auroranews-ը վերոնշյալ խնդրով դիմել էր նաև ՀՀ կառավարություն, որտեղից մեզ հայտնել էին, որ խնդրին տեղյակ են բոլոր կառույցները և փորձում են ելքեր և լուծումներ գտնել: