
«Հիմա պետք է արդեն միասնական լինենք, որ կարողանանք գրագետ ձևով, խելոք ձևով Արցախը հետ բերենք». ՔՊ պատգամավոր

Այսի՞նքն՝ էտ ինչա՞ եղել, որ չհամագործակցենք. Aysor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Արցախը Ադրբեջանի մաս հայտարարելուց հետո պատրաստ են Արցախի վտարանդի կառավարության հետ համագործակցել։
Մելքոնյանը նշել է, որ Արցախի պատգամավորները պետք է անվավեր ճանաչեն Արցախը լուծարելու մասին հայտարարությունը. «Իրենք պետք է կարողանան այնքան խելացի գտնվել, որ իրենց Գերագույն դատարանով ճանաչեն՝ Արցախը լուծարելու մասին հայտարարության ստորագրությունն անվավեր է, որովհետև ինքն իրավունք չունի նման որոշման, ԱԺ-ն պետք է վավերացնի։ Հիմա իրենք, եթե կարողանան այս ամենն անել, ուրեմն՝ շատ լավա, եթե չեն անում, ուրեմն՝ ինչ ծրագրով, որ իրենց ուղարկել են, այդ ծրագրով էլ գալիս են»։
Պատգամավորը նշել է, որ պետք է երկկողմ աշխատանքներ տանել։ «Մենք էլ Արցախի կորստով չպետք է դադարենք գործել, մենք հիմա էլ միջազգային կառույցներին դիմում ենք, ամեն ինչ արվում է մեր իշխանությունների կողմից, ամբողջ Եվրոպան, Ամերիկան, բոլոր պետությունները ոտքի են կանգնած ու ասում են՝ այս հարցը պետք է շուտափույթ լուծում ստանա, ու ոչ մեկին էլ չթվա, որ այս իշխանությունները չեն զբաղվում դրանով, ամեն ինչ էլ արվում է», - ասել է նա։
Մելքոնյանը հիշեցնում է, որ ՀՀ իշխանությունները հոգում են արցախցիների խնդիրները. «Չէ՞ որ մեր 100 000-ավոր մարդկանց բերեցինք, տեղավորեցինք այստեղ, ամեն ձևով օգնեցինք՝ թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական։ Ամեն ինչ արվում է ՀՀ իշխանությունների, հայաստանցիների կողմից։ Հիմա մնացել է, որ մենք կարողանանք գրագետ ձևով, խելոք ձևով Արցախը հետ բերենք, այնտեղ պետք է արդեն միասնական լինենք, ոչ թե գան հայտարարեն, որ ղարաբաղցիները եկել են՝ այստեղ էլ իշխանափոխություն անեն։ Պետք է վերանա այդ ամենը, պետք է մենք խաղաղություն կարողանանք հաստատել մեր երկու ժողովուրդների մեջ, որ կարողանանք իրար հետ մի մեխի խփենք, աշխատենք հանուն Արցախի», - ասել է նա։