3 ընկերությունների տնօրեններ մեղադրվում են Արաքս գետի հունը խախտելու մեջ

Արաքս գետի հունը խախտելու, պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու համար հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ: Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

 

Ըստ հաղորդագրության` այդ ընկերությունները շեղվել են տրամադրված կոորդինատներից, արդյունահանել պետական սեփականություն հանդիսացող ծավալով լեռնային զանգված՝ խախտելով Արաքս գետի հունը, ինչի հետևանքով էլ վատթարացել է հողի որակը, կորսվել է մեծածավալ քանակի օգտակար հանածո:

 

Նշվում է, որ «Արև Սյուզի» ՍՊԸ–ն արդյունահանել է 2748 խմ լեռնային զանգված։ Տնօրեն Կ.Հ.-ն պետությանը պատճառել է խոշոր չափերի՝ 1 մլն 359 հազար դրամի գույքային վնաս։ Ինչպես նաև շրջանցելով օրենքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով՝ պետությանը չի վճարել 5 մլն դրամ տուգանքը:

 

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Կ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՔՕ 383-րդ հոդվածի 1-ին և 381-րդ հոդվածի 1-ին մասով։

 

«Սարգիս և Պապ» ՍՊԸ–ն արդյունահանել է 63 834 խմ ծավալով լեռնային զանգված: Պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 5 մլն 126 հազար դրամի գույքային վնաս, իսկ պետության օրինական շահերին՝ էական վնաս։

 

Ընկերության տնօրեն Ս.Ղ.-ն, շրջանցելով օրենքով նախատեսված պահանջները, առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով՝ պետությանը չի վճարել 5 մլն դրամ տուգանքը:

 

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Ս.Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել ՔՕ 383-րդ հոդվածի 1-ին մասով:

«Սերտիգ» ՍՊԸ–ն արդյունահանել է 63 834 խմ ծավալով լեռնային զանգված: Արդյունքում՝ պետությանը պատճառվել է խոշոր չափերի՝ 4 մլն 892 հազար դրամի գույքային վնաս, իսկ պետության օրինական շահերին՝ էական վնաս։

 

Ընկերության տնօրեն Ս.Ա.-ն էլ պետությանը չի վճարել 5 մլն դրամ տուգանքը:

 

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին Ս.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել նախկին քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քաղաքականություն