ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղերը չեն բավականացնում․ ինչպես է աշխատում Գազայի հատվածի հիվանդանոցը

Գազայի «Աշ-Շիֆա» հիվանդանոցում տեղերը չեն բավականացնում, մարդկանց ստիպված տեղավորում են հատակին։ Տեղեկությունը հայտնել է բուժկենտրոնի աշխատակից, բժիշկ-սրտաբան Խալեդ Աբու Սամրան։

 

«Մեր հիվանդանոցում առայժմ դեղորայք, գործիքներ, ջուր և գեներատորից ստացվող հոսանք կա (Գազայի մյուս հատվածում էլեկտրականություն և կապ չկա), բայց այդ ամենը սպառվում է։ Չգիտենք` քանի օր կբավականացնի», - ասել է նա RT-ի թղթակցին։

 

Ինչպես նշել է բժիշկը, իսրայելական հարվածների հետևանքով ավերված տների փլատակներում դեռ բազմաթիվ մարդիկ կան։ Անընդհատ նոր մարմիններ են բերում դիահերձարան։

 

Ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Գազայի հատվածում 1,2 հազար մարդ կա փլատակներում, շուրջ 500-ը երեխաներ են։

 

Երեկ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց`24 ժամ է մնում, որ շրջափակման մեջ գտնվող Գազայի հատվածում իրական աղետ սկսվի։


Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:

 

Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին: