
Վարչապետը որոշել է պատժել արցախցիներին չվճարելով պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը․ «Հրապարակ»

Հայաստանի իշխանությունների եւ Արցախի վտարանդի իշխանությունների միջև խուլ հակամարտությունը կարող է պայթյունի հանգեցնել՝ աշխատավարձերի չվճարման հողի վրա: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի անցկացրած խորհրդակցության մասին լրատվականի հրապարակումներից հետո Փաշինյանը որոշել է պատժել արցախցիներին և չվճարել պետական ապարատի աշխատակիցների աշխատավարձերը, չնայած որոշված էր, որ մինչև հունվարի 1-ը ստանալու են։
Արդեն մի քանի օր է` իշխանական ԶԼՄ-ները և ֆեյքերն արշավ են սկսել Արցախի իշխանությունների դեմ, թե նրանք թալանել են բյուջեն, փող չկա, այդ պատճառով արցախցիներն աշխատավարձ չեն ստանում։ Այս գրոհն այնքան հուժկու էր, որ երեկ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց, թե Արցախի պետբյուջեում դեռ կա շուրջ 3,1 միլիարդ դրամի մնացորդ, որը սառեցված է: Սառեցրել է ՀՀ կառավարությունը։ Շտաբից մանրակրկիտ հաշվետվություն ներկայացրին վերջին ռազմական գործողություններից հետո բյուջեից կատարված շուրջ 463 միլիոն դրամ ծախսի վերաբերյալ։ Իսկ ԱՀ պաշտոնատար անձինք հրապարակային հայտարարել են, որ կառավարությունը թեպետ ԱՀ բյուջեն հաստատում է, սակայն փոխանցումները կատարվում են ամսական կտրվածքով։
Ստացվում է՝ սեպտեմբերի բյուջեն փոխանցել են, ապա՝ սառեցրել: Իսկ ԱՀ կառավարության լրատվականի աղբյուրի հաշվարկով` աշխատավարձի ամսական ֆոնդը 4-4.1 մլրդ դրամ է կազմում։