
Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին պահում են մենախցում. նրա հետ կապը կտրել են. «Ժողովուրդ»

«Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին պահում են Նուբարաշենի բանտի մենախցում ու կտրել են նրա կապը արտաքին աշխարհի հետ։
Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, ում հայտնի է դարձել, որ Ալբերտ Բազեյանը դիմում է գրել բանտի ղեկավար կազմին իրեն թերթ տալ, ինչպես մյուս կալանավորներին են տալիս, կամ հեռուստացույց, սակայն դիմումին որևէ պատասխան չի եղել։
Վերջինիս պաշտպան Գեորգի Մելիքյանը հայտնել է, որ Ալբերտ Բազեյանի նկատմամբ այս պատժամիջոցների՝ մենախցում պահելու, արտաքին աշխարհի հետ կապը կտրելու դրսևորումների մասով դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, ու մինչ օրս արձագանք չկա։ Նշվում է, որ Ալբերտ Բազեյանն ԱԱԾ-ում ասել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Ըստ ԱԱԾ-ի՝ «Խաչակիրներ» ռազամահայրենասիրական ՀԿ անդամները, ինչպես նաև Ալբերտ Բազեյանը և այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին:
Հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդկերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել և խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»: