Եղիշե Կիրակոսյանը բացատրեց, թե ինչի համար ՀՀ ԱԺ–ն պետք է վավերացնի Հռոմի ստատուտը
Ադրբեջանի լայնածավալ հարձակումներից հետո անհրաժեշտություն առաջացավ անպայման վավերացնել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը, որը ավելի հայտնի է որպես Հռոմի ստատուտ։ ՀՀ ԱԺ–ում հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա հիշեցրեց, որ կանոնադրությունը 1999 թվականից հետո երկու անգամ լայնածավալ փոփոխությունների է ենթարկվել, և այժմ Հռոմի ստատուտով սահմանվում է պատասխանատվության ենթարկել միջազգային ծանրագույն հանցագործությունները։
Կիրակոսյանը նշեց, որ խոսքն այս դեպքում պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության հանցագործության մասին է։
«Այն էական կանխարգելիչ ազդեցություն կունենա ՀՀ տարածքում նմանատիպ հանցագործությունները բացառելու համար։ Հաշվի առնելով նաևայն, որ ՀՀ սուվերեն տարածքում դեռ գտնվում են ադրբեջանական զինված ուժեր, այս տրամաբանությամբ Հռոմի ստատուտի վավերացումը հիմնավորվում է»,– ընդգծեց նա։
Կիրակոսյանն ասաց, որ այս Հռոմի ստատուտի վարեվարեցումը քննարկվել է ՀՀ սահմանադրական դատարանում 2023 թ. մարտի 24–ին և 2004 թ. հակասահմանադրական ճանաչված նորմերը շտկվել են։
Ի դեպ, Հռոմի ստատուտը ՀՀ ԱԺ–ում քննարկվում է առանց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների։ Նրանք նիստի առաջին կեսում լքել են դահլիճը, բացառությամբ Գեղամ Նազարյանի։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
Սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է իր դիրքորոշմամբ և խորհրդարանական գործընկերների լիարժեք աջակցությամբ։ Նա ընդգծեց, որ այն ոչ մի կապ չունի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների հետ։
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ին դրական եզրակացություն տվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։
ՌԴ ԱԳՆ–ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը գերեվարել է Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին. ԶԼՄ
Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը գերեվարվել են։ Այս մասին...
Խանդանյանը պատասխանել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված Թուրքիայի «մտահոգություններին»
Հայաստանը գործելու է էներգետիկայի ոլորտում իր շահերից ելնելով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցո...
Ադրբեջանի գլխավոր դատախազը Արայիկ Հարությունյանին կալանավորելու հրաման է ստորագրել
Ադրբեջանի գլխավոր դատախազը կիրակի օրը`հոկտեմբերի 1-ին, Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին կալանավոր...
Հույս ունենք, որ որևէ ժամանակավոր վարչակազմ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև եղած կապերը չի քանդի. Լավրով
ՀԱՊԿ–ից դուրս գալու հնարավորության մասին Երևանից հնչող հայտարարությունները Հայաստանի Հանրապետության սուվերեն ընտրություն...