Միացյալ Նահանգները առանց բարձրաձայնման խոստովանել է իրանական արբանյակի ուղեծիր արձակումը
Միացյալ Նահանգները լուռ խոստովանել է, որ Իրանն այս շաբաթ հաջողությամբ ուղեծիր է ուղարկել իր «Նուր–3» հեռակառավարման արբանյակը, հաղորդում է Associated Press-ը:
ԱՄՆ զինվորականները պաշտոնապես չեն արձագանքել գործակալությանը մեկնաբանություն տալու բազմաթիվ խնդրանքներին: Այնուամենայնիվ, ուրբաթ space-track.org կայքը հրապարակեց տվյալներ չորեքշաբթի Իրանի կողմից «Նուր–3» արբանյակը ուղեծիր դուրս բերելու մասին՝ հիմնվելով ԱՄՆ տիեզերական ուժերի 18-րդ ջոկատի տրամադրած տեղեկատվության վրա: Հրթիռը արբանյակը արձակել է 450 կմ բարձրությամբ ուղեծիր՝ համաձայն արձակման մասին իրանական պետական լրատվամիջոցների հաղորդագրությունների:
Ինչպես հաղորդում է IRNA-ն, «Նուր–3» արբանյակի արձակումն իրականացվել է չորեքշաբթի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից՝ օգտագործելով Իրանում ստեղծված «Ղասեդ» հրթիռը։
Ավելի վաղ Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին հայտարարել էր, որ Իրանը մտադիր է ութ տարում դառնալ տիեզերանավերի արձակման և տիեզերական այլ ծառայությունների մատուցման ոլորտում տարածաշրջանային կենտրոն։ Նրա խոսքով, «միջազգային արձակումների հիմնական վայրը կլինի Չաբահարի տիեզերական բազան, որն այժմ կառուցվում է Իրանի տիեզերական կազմակերպության տնօրինության ներքո»: