Արսեն Հարությունյանը դարձել է աշխարհի բրոնզե մեդալակիր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը 57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժերը չափել է Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի հետ ու 11:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել: Սա Հարությունյանի երրորդ բրոնզե մեդալն էր աշխարհի առաջնություններում: 

Այսպիսով, Արսեն Հարությունյանն ապահովել է իր մասնակցությունը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։ Մինչ այս, Հայաստանից ՕԽ ուղեգիր էր նվաճել նաև հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: 

Հարությունյանը պայքարն սկսել էր որակավորման փուլից և վստահ հաղթանակներ տանելով ուկրաինացի Կամիլ Կերիմովի (14-3), իտալացի Սիմոնե Պիրոդուի (14-2) և մակեդոնացի Վլադիմիր Եգորովի (11-0) նկատմամբ՝ դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, 14-16 հաշվով զիջել էր աշխարհի գործող չեմպիոն, ճապոնացի Ռեի Հիգուչիին։ 

Այսօր ավելի վաղ պայքարի դուրս եկած մեր մյուս ըմբիշներից բրոնզե մեդալին մոտ է նաև Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ): Հայ ըմբիշը երեք տպավորիչ հաղթանակներ տանելուց հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է մրցակցին ու կպայքարի բրոնզե մեդալի համար:

Քաղաքականություն