Վիտալի Դենիսովի արտաքսման առնչությամբ անպայման պատասխան միջոցներ կլինեն Ռուսաստանի կողմից․ ՌԴ ԱԳՆ

Sputnik Մոլդովայի ղեկավար Վիտալի Դենիսովի արտաքսման առնչությամբ անպայման պատասխան միջոցներ կլինեն Ռուսաստանի կողմից։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

 

«Համապատասխան միջազգային կառույցներից պահանջում ենք պատշաճ գնահատական տալ Մոլդովայի իշխանությունների գործողություններին։ Ինչ վերաբերում է մեր պատասխան քայլերին, ապա դրանք անպայման կհաջորդեն», - ասված է Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։

 

Նրա խոսքով՝ մոլդովական իշխանությունների` այլակարծության ցանկացած դրսևորում ճնշելու և տեղեկատվության անցանկալի աղբյուրներն արմատախիլ անելու որդեգրած ուղին գնալով ավելի գրոտեսկային ձև է ստանում։

 

Հիշեցնենք, ավելի վաղ Դենիսովը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ իրեն արտաքսում են Մոլդովայից։ Նա պարզաբանել էր, որ Քիշնևի իր տուն են եկել միգրացիոն ծառայության աշխատակիցները, նստեցրել մեքենան ու արտաքսման հրամանով տարել օդանավակայան։ Դենիսովի խոսքով` Մոլդովայի իշխանությունները կարծում են, որ ինքը սպառնալիք է ազգային անվտանգության համար։ Նշենք, որ ՌԴ–ում Մոլդովայի ժամանակավոր հավատարմատարը ՌԴ ԱԳՆ է կանչվել Sputnik Մոլդովայի ղեկավար Վիտալի Դենիսովի արտաքսման կապակցությամբ։ 

Քաղաքականություն