Ռուսաստանցի խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Politico Europe» պարբերականին տված հարցազրույցում պատասխանել է հետևյալ հարցին. «Դուք ձեզ Ռուսաստանի կողմից դավաճանված զգու՞մ եք։ Ըստ Ձեզ Ռուսաստանը բավարար ջանքեր չի՞ գործադրել ապահովելու համար 2020թ.-ի պայմանավորվածությունները, հաշվի առնելով, որ Ռուսաստանը պարտավորվել էր ապահովել Լաչինի միջանցքի բաց լինելը, պահպանել այն շփման գիծը, որ առկա էր։ Ըստ Ձեզ, Ռուսաստանը ձախողվե՞լ է որպես անվտանգության երաշխավոր»:
«Գիտեք, ակնհայտ է, որ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Լեռնային Ղարաբաղում անվտանգային շատ սուր իրադրություններ են տեղի ունեցել՝ շփման գծի խախտումներ, Լեռնային Ղարաբաղի տարածքի ներխուժումներ։ Մենք դեպք ենք ունեցել, երբ գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացին ռուս խաղաղապահի ներկայությամբ սպանվել է ադրբեջանցի դիպուկահարի կողմից։ Եվ գյուղատնտեսական աշխատանքի խոչընդոտներ կան, ի վերջո Լաչինի միջանցքի փակումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առաջացումը։
Այս ամենը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությամբ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության տիրույթում գտնվող հարցեր են: Եվ այս առումով, այնքանով, որքանով այս պրոբլեմներն առաջացել են, այո, ռուսաստանցի խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը: Բայց մյուս կողմից ես չեմ կարող ասել, որ եթե ռուս խաղաղապահները չլինեին Լեռնային Ղարաբաղում, հիմա Լեռնային Ղարաբաղի իրադրությունն այս պայմաններում ավելի լավ կլիներ: Այսինքն ուզում եմ, որ մենք այս նրբությունը լավ և ճիշտ հասկանանք, և կարծում եմ՝ երկու արձանագրումներն էլ ճիշտ են»,– պատասխանել է Փաշինյանը:
Հարցին, թե ինչու է, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ձախողվել է, անգործունակությու՞նն է պատճառը, Ուկրաինայի պատերազմով գերզբաղվածությո՞ւնը, թե՞ դա մտածված որոշում է՝ խուսափելու համար Ադրբեջանին և Թուրքիային զայրացնելուց, վարչապետը պատասխանել է. «Կարծում եմ, երկու գործոններն էլ ունեն որոշակի դերակատարում, որովհետև Ուկրաինայի իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի հնարավորությունները փոխվել են, բայց մյուս կողմից կարծում եմ նաև կա երկրորդ գործոնը, որը Դուք նշեցիք: Թե առաջին, և թե երկրորդ գործոնը, իմ գնահատմամբ, առկա է»:
Նմանատիպ հոդվածներ
Շնորհավորելու շատ բան չկա. Փաշինյանը՝ Արցախի նախագահին չշնորհավորելու մասին
Կարծում եմ՝ իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Հանրայինի եթերո...
Ասել եմ՝ այո. Փաշինյանը կրկնում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում վերահաստատել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի` 86.600 քառակուսի կմ տարածք...
Վլադիմիր Պուտինն իրավիճակից տեղեկացված է. Նիկոլ Փաշինյան
Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։ Այդ...
Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար. Փաշինյան
Հանրայինի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի...