
Մի քանի դիտարկում Պուտինի հայտարարության մասին. Տաթևիկ Հայրապետյան

Մի քանի դիտարկում Պուտինի հայտարարության մասին:
Նա պնդում է, որ իրենք տասնամյակներով հայկական կողմին առաջարկել են լուծումներ, որոնցից իբրև հայկական կողմը հրաժարվել է: Այդ դեպքում ինչպե՞ս էր, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել կազանյան թուղթը, որը մերժեց Ալիևը: Բացի այն, որ Պուտինի այս հայտարարությունը չի արտացոլում իրականությունը, դրա վտանգն այն է, որ այստեղ պատերազմի մեղավորությունը բարդվում է հայկական կողմի վրա: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Ու ի՞նչն է ուշագրավ ու խնդրահարույց, որ և՛ ՌԴ ղեկավարությունը, և՛ ՀՀ ղեկավարությունը իրենց հայտարարություններով՝ իրար հաշվին ալիբի ստեղծելով մաքրել են Ալիևին ագրեսորի պիտակից, դա էլ այն դեպքում, երբ Ալիևը պարզ տեքստով խոստովանել է, որ պատերազմը եղել է իր կյանքի առաքելությունը:
Հայաստանի ղեկավարի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հայտարարության պահով պետք է շեշտել, որ այո Փաշինյանը շատ վտանգավոր ու վնասակար քայլ է արել, ընդ որում՝ ոչ միայն Արցախի, այլ նաև՝ ՀՀ–ն Վրաստանին ու ՀՀ–ն Իրանին կապող միջպետական ճանապարհների մասով: Բայց, նախ, դա միայն քաղաքական հայտարարություն է, երկրորդ՝ դա չի չեղարկել նոյեմբերի 9-ի թուղթը, որի երաշխավորն ու «քավորը» հենց ինքը Վլադիմիր Վլադիմիրիչն է:
Այն, որ ռուս խաղաղապահները չեն ապահովում Լաչինի միջանցքի անվտանգությունը դա բացառապես ՌԴ թերացումն է՝ համեմված Փաշինյանի ստեղծած ալիբիով:
Փաստացի, ՌԴ ղեկավարը խոստովանում է, որ իրենք հարցերը լուծում են երկկողմ կարգով Ադրբեջանի հետ: Այստեղ, անխոս, ՀՀ-ի մեղքը հսկայական է, ես բազմիցս նշել եմ՝ հրաժարվելով Արցախից, ՀՀ ղեկավարությունը իրեն դուրս է դրել ոչ միայն Արցախի, այլև հենց ՀՀ–ի հետ կապված կարևոր որոշումների ընդունման գործընթացից: Մեր՝ չդադարող անկայուն ու պայթունավտանգ վիճակը հենց դրա հետևանք է:
Փաշինյանի՝ երեկվա ու Պուտինի՝ այսօրվա հայտարարություններից հետո ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ իրենք փոխադարձաբար իրար ձեռնտու ու հարմար են, իրենք միշտ ստեղծում են կեղծ ալիբիներ միմյանց համար՝ Արցախի հարցը իբրև գցելով իրար՝ իսկ իրականում՝ միմիայն Ալիևի գրպանը:
Ալիևն էլ որևէ ուրիշի գրպանը դա չի գցում, շատ ուրախությամբ ընդունում է Պուտինի ու Փաշինյանի «պասերը»:
Իսկ արևմտամետության շղարշը, տասնամյակներ շարունակ անցկացվող ու որևէ էական բան չպարունակող հայ–ամերիկյան զորավարժությունները թոփ թեմա սարքելը ուղղակի արտաքին կեղծ քարոզչություն է, որին շատերը խաբվում են: Պուտինն ու Փաշինյանը այդ ամենի հետևում շատ լավ էլ ձեռք ձեռքի տված աշխատում են ու հաստատ ոչ ՀՀ–ի ու Արցախի օգտին»-գրել է նա:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում՝ պանելային քննարկման ժամանակ, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, Լաչինի միջանցքի շրջափակմանն ու այլ հարցերի․
«Ես չեմ տեսնում, թե կա ինչ-որ փոփոխություն, շրջադարձ․ մենք հասկանում ենք՝ ինչ է կատարվում։ Մենք առաջարկել ենք կարգավորման մեր տարբերակները։ Հայաստանն Ադրբեջանի հետ կոնֆլիկտից հետո վերահսկել է 7 շրջան։ Մենք առաջարկել ենք Ադրբեջանի հետ այնպես պայմանավորվել, որ Քելբաջարն ու Լաչինը մնան Հայաստանի փաստացի իրավազորության տակ, բայց Հայաստանի ղեկավարությունը դրան չհամաձայնեց, թեև մեկ տասնամյակ փորձել ենք համոզել։ Մեր հարցին պատասխանել են՝ կկռվենք։