Խորվաթիայի մարզիչը նշել է թե ում է առանձնացնում մեր հավաքականից, և ով էր լավագույն խաղացողը
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Հայաստանի հետ Երևանում կայացած խաղից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է տպավորություններով։
«Շնորհավորում եմ մեր թիմին հաղթանակի համար: Շատ բարդ խաղ էր: Ունեցանք լավ պահեր, բայց բաց թողեցինք մեր շանսը։ Շնորհավորում եմ նաև Հայաստանի հավաքականին, քանի որ 5 հիանալի խաղ եք անցկացրել, երբեք չեք հանձնվել: Ամեն դեպքում մենք ավելի փորձառու ենք: Հուսով եմ՝ կշարունակեք այսպես ու միասին մենք կորակավորվենք Եվրո-2024-ին: Շատ լավ հանդիպում էր, շնորհակալ եմ ձեր հյուրընկալության համար»,- ասել է Դալիչը:
«Դուք շանսեր ունեք, շատ լավ խաղեր եք անցկացնում: Մենք աշխարհի բրոնզե մեդալակիրներն ենք, նախորդ առաջնության գործող փոխչեմպիոն, ու բոլոր խաղերին ձգտում ենք հաղթանակի հասնել ու առավելագույն միավորներ վաստակել, որպեսզի առաջին տեղով դուրս գանք խմբից:
Ու՞մ կառանձնացնեմ. կարծում եմ՝ Իվուն շատ լավ խաղաց, Տիկնիզյանը ևս մեծ վտանգ էր իրենից ներկայացնում, բայց կարծում եմ՝ խաղի լավագույն խաղացողը Չանչարևիչն էր, որն իրենից կախված ամեն ինչ արեց:
Հայաստանի հավաքականի հեռանկարների մասին. հեշտ չի լինի , քանի որ հիմա Եվրոպայում բոլոր թիմերը շատ են ուժեղացել, հիմա դուք պետք է կռվեք բոլոր խաղերում, բարելավել եք ձեր խաղը, վստահ եմ՝ շանսեր ունեք դուրս գալու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլեր:
Բրոզովիչի և Մոդրիչի կարևորության մասին. համաձայն եմ, որ նա մեր շարժիչ ուժն է, նա հիանալի ու պարզ ֆուտբոլ է ցուցադրում: Կարծում եմ՝ իր դիրքում նա լավագույններից մեկն է: Կիսապաշտպանական գծում հիանալի խաղացողներ ունենք՝ Մոդրիչը, Կովաչիչն ու Բրոզովիչը. նրանք մեր ուժն են: Ինչ վերաբերում է Մոդրիչին, նրան հանձնարարություններ տալու կարիք չունեմ: Նա շատ մեծ պրոֆեսիոնալ է, միշտ լուրջ է, պրոֆեսիոնալ: Թե որպես ֆուտբոլիստ, թե որպես մարդ լավագույններից մեկն է: