ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր դիվանագիտությունը մի զբոսայգում մի հատ իշաոտնուկ դրած, վրան նստած է». Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում  քննարկվեց  «Պետական բյուջեում վերաբաշխում և ԱԳՆ-ին գումար հատկացնելու մասին»  հարցը։

 

ԱԳՆ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնեց, որ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը տեղակայացված է Լոնդոնի Հայ տան կողմից տրամադրված շենքում, բայց  նախորդ տարի դեսպանությունը պետք է տարածքն ազատի։  Փոխնախարարը նաև նշեց, որ բացի այդ, տարածքը քիչ է դեսպանության աշխատանքը պատշաճ իրականացնելու համար։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց  թե շատ վաղուց ուզել են դուրս գալ այն տարածքից, որտեղ հիմա գտնվում է դեսպանությունը։

 

«Այն լուսանկարները, որ տեսել եմ, կներեք, բայց իրեն հարգող պետությունը չի կարող այդ տարածքը համարի դեսպանատուն։ Ցավոք, մենք շատ տեղերում այս խնդիրն ունենք։  Ասում ենք՝ բա ո՞ւր է մեր դիվանագիտությունը. մեր դիվանագիտությունը մի զբոսայգում մի հատ իշաոտնուկ դրած, վրան նստած է՝ դրոշն էլ վերևը կախած, ասում ենք՝ սա մեր դեսպանատունն է։

 

Իմ անձնական դիրքորոշումն է եղել, որ մենք բոլոր տեղերում ունենանք պատշաճ դեսպանատներ։ Մի տեղ  տանիքն է կաթում, մի տեղ հատակն է ծակ, մի տեղ պատուհանը չկա, չի կարելի, սա անթույլատրելի է»,- արձանագրեց վարչապետը։

 

Նա տեղեկացրեց, որ Հայաստանը Լոնդոնում 17 միլիոն ֆունտ ստերլինգով դեսպանատուն է գնում։

 

Նշենք, որ Կառավարության որոշմամբ շուրջ 8 մլրդ 388 մլն դրամ կհատկացնի Լոնդոնի կենտրոնում 5 հարկանի շենք ձեռք բերելու համար։