Վանաձորում այսօր կրակոցներ են հնչել, կա վիրավոր
Լոռու մարզում, այսօր՝ օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել. ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող սգո սրահի մոտ կրակոցներ են հնչել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից կրակված 9 պարկուճ ու մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է բերվել իրենց մոտ:
Հիվանդանոց մեկնած ոստկանության Բազումի բաժնի օպերատիվ խմբին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու:
Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում քննիչները, որոնց հետ աշխատում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը և արդյոք այլ տուժած կամ տուժածներ կան, թե ոչ:
Դեպքի վայրում օգտագործվել է «TT», «Մակարով» տեսակի ատրճանակներ և ինքնաձիգ: