Ծեծկռտուք Սևանի լողափերից մեկում. 22-ամյա երիտասարդ է մահացել. ԶԼՄ
Օգոստոսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:
Նշվում է, որ այդ օրը «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի թիվ 1 հանրային լողափից «Ալկոհոլային ինտոկսիկացիա և կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Ս.-ն է:
Ըստ բժիշկների նա ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվել է վիրահատարանում, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան Սևանի բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օգոստոսի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին տեղեկացնում են, որ Դավիթ Ս.-ն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Արդեն օգոստոսի 22-ին Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Քննչական բաժնում ստացվում է ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտական կենտրոնի, դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացությունը, համաձայն որի Դավիթ Ս.-ի դիակի դատաբժշկական փորձանքննության իրականացման ընթացքում վերջինիս դիակի գլխի, ճակատի և շրթունքի մասերում եղել են վնասվածքներ, և նրա մոտ հայտնաբերվել է գանգուղեղային տրավմա և ինշեմիկ ինսուլտի ախտանիշներ:
Նույն օրը Սևանի քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ՝ ՀՀ Քր. Օր.-ի 166 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի հատկանիշներով:
Կայքի տեղեկություններով` պարզվել է, որ Երևանի բնակիչ 20-ամյա Մարատ Հ.-ն իր ընկերներ Դավիթ Ս.-ի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հովհաննես Դ.-ի, ՌԴ քաղաքացի 26-ամյա Գլեբ Ս.-ի և 20-ամյա Գեորգի Շ.-ի (ում բնակության վայրը ճշտվում է), օգոստոսի 6-ին ժամը 06:00-ի սահմաններում գտնվել են Սևան քաղաքի հարևանությամբ գտնող «Up side» լողափից մոտ 500-800մ հեռավորության վրա, որտեղ Դավիթ Ս.-ի և Գլեբ Ս.-ի միջև ծագել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշուկի, որի ժամանակ Դավիթ Ս.-ն և Գլեբ Ս.-ն վայր են ընկել գետնին, ինչի հետևանքով Դավիթ Ս.-ն գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածք, որից հետո վիճաբանությունը շարունակվել է, որի ժամանակ Գլեբ.Ս.-ն բռունցքով հարվածել է Դավիթ Ս.-ի ծնոտին և վերջինս, կորցնելով գիտակցությունը, վայր է ընկել:
Իրավապահները օգոստոսի 22-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտից ձերբակալում են մյուս մասնակիցներից Մ. Հարությունյանին, իսկ Աբելյան փողոցում՝ մյուս մասնակից Գ. Շահրամանյանին:
Վերջիններս տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվում են Սևանի քննչական բաժին:
Կայքի տեղեկություններով՝ Գ. Շահրամանյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ Մ. Հարությունյանը բաց է թողնվել: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Հովհաննես Դ.-ին և Գլեբ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ: