«Դաշնակիցները չեն աջակցի Կիևին, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն ՌԴ տարածք». Զելենսկի
Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները, որոնք Կիևին օգնում են Ռուսաստանի դեմ պայքարում, չեն աջակցի Կիևին, եթե մարտական գործողությունները տեղափոխվեն Ռուսաստանի տարածք։ Հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Կա մեծ վտանգ, որ այս դեպքում մենք, հաստատ, մենակ կմնանք», - ասել է Զելենսկին ուկրաինացի լրագրող Նատալյա Մոսեյչուկին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք եկել է նման գործողությունների ժամանակը։
Նրա խոսքով՝ դաշնակիցների հետ հարաբերությունները «վճռորոշ կերպով օգնել են Ուկրաինային իր տարածքը վերադարձնելու համար պայքարում»։
Զելենսկին նաև ասել է, որ առաջընթացը և մարտադաշտում տեղի ունեցածի համար պատասխանատվությունը «միշտ երկկողմանի են»՝ հավելելով, որ միջազգային գործընկերները Կիևի ցանկացած հաղթանակի կամ հակահարձակման հետաձգման մաս են կազմում։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ արևմտյան դաշնակիցները հասկանում են հակահարձակման հետ կապված բոլոր դժվարությունները։
Վերջին ամիսներին ավելացել են անօդաչու թռչող սարքերի հարձակումները Ռուսաստանի տարածքում, այդ թվում՝ Մոսկվայում: Ուկրաինան սովորաբար հերքում է իր անմիջական մասնակցությունն այդ հարվածներին, սակայն ստանձնում է Ռուսաստանի տիրապետության տակ անցած Ղրիմի վրա ԱԹՍ-ների հարձակումների պատասխանատվությունը և խոստանում, որ դրանց թիվը կավելանա: