ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դանակը հասել է ոսկորին. Ռուբեն Վարդանյան
Այս իրավիճակում անիմաստ է խոսել պաշտոնի մասին, երբ որ ամեն օր կա խնդիր հացի, ջրի, դեղերի և այլնի, և այս իրավիճակում անխելք մարդը կուզենա պաշտոն ստանձնի կամ էլ իր օրակարգն ունի: Այս մասին այսօր տեղի ունեցած Տաթև-Ստեփանակերտ տեսակամուրջի շրջանակներում հեռուստահաղորդավար Արտյոմ Երկանյանին ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Միակ պատճառը, որ այսօր մենք պետք է որոշումներ կայացնենք, այս ճգնաժամն է: Իմ կոչը ուրիշ բանի մասին էր, որ առանց գաղափարի, առանց սկզբունքների, առանց հավատի, մենք ոչ մի բանի չենք կարող հասնել: Այս վիճակում դա ամենակարեւորն է, որը հիմքն է այլ գործողությունների դիմելու համար»,- ասել է նա:
Վարդանյանը նշում է, որ մարդիկ պատասխաններ են պահանջում, թե ինչպես են դուրս գալու ստեղծված իրավիճակից:
«Բոլորս իրար հետ պետք է նստենք և փորձենք պատասխանենք շատ ծանր հարցերի ու լուծումներ գտնել»,- ասել է նա:
Անդրադառնալով նախորդ օրը Հակոբավանքից Արայիկ Հարությունյանի ուղղված կոչին, նա հայտարարեց, որ ինքը չի ասում, որ նախագահը պետք է հրաժարական տա, այլ ասում է այն, որ նախագահը պետք է իր խոսքը պահի:
«Ամեն օր մարդկանց սարսափի մեջ գցելը, ասելը, որ մենք ոչինչ չենք կարող, պետք է դուրս գանք եւ տրամադրության կտրուկ փոփոխությունները ավելի են ծանրացնում վիճակը: Այս իրավիճակում անհնարին է մենակ, մի հոգով բոլոր որոշումները կայացնել այս հարցերի շուրջ: Երկրորդը մարդիկ պեցտք է իրար հավատան եւ երրորդը՝ առաջին դեմքը պետք է մարդկանց ոգեշնչի հույս, հավատ եւ վստահություն, ոչ թե ամեն անգամ ասի՝ ես չգիտեմ, ինչ եմ անելու, դուք որոշեք, հիմա մենք շատ լուրջ ճգնաժամի առաջ ենք կանգնել, դանակը հասել է ոսկորին»,- ասել է նա: