Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է. Արցախի ՊԲ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 19-ին` ժամը 16:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Արցախի Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

 

«Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով և գյուղատնտեսական աշխատանքները ներկայացնելով որպես շփման գծի ինժեներական կահավորում, Ադրբեջանի ՊՆ֊ն փորձում է հիմնավորել հացահատիկի բերքահավաքը խափանելու նպատակով իր ստորաբաժանումների կողմից պարբերաբար բացվող կրակը»,–ասված է հաղորդագրության մեջ։

 

Նշենք, որ երեկ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ևս ասել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը մի քանի օր է՝ կրակի տակ են պահում Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի ցորենի միակ դաշտը՝ զրկելով բնակիչներին հաց ունենալու հնարավորությունից։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին ադրբեջանական ԶՈւ–ն 2 անգամ հրաձգային զենքից կրակել է Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։

 

Օգոստոսի 12-ին էլ են կրակել ցորենի դաշտի ուղղությամբ, այս անգամ՝ աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։

Օգոստոսի 9-ին նույնպես կրակոցներ են հնչել ցորենի դաշտում։ Արձակված կրակոցներից վնասվել էր գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված՝ Ա.Ղ.-ի վարած «Ֆորդ-Տրանզիտ» ավտոմեքենայի դիմացի երկու դռների ապակիները։