2016-ից մինչ օրս ադրբեջանցիները նվազագույնը 96 անգամ թռել են իսրայելական ավիաբազա․ «Հետք»
Իսրայելական «Haaretz» օրաթերթն այս տարվա մարտին հրապարակել էր մի հետաքննություն, ըստ որի՝ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռները 2016 թվականից մինչեւ 2023 թ. մարտ առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել Իսրայելի «Օվդա» ավիաբազայում: Այս մասին գրում է «Հետք»-ը։
Ադրբեջանական ինքնաթիռների վայրէջքներն այստեղ ուշագրավ են նրանով, որ «Օվդան», «Haaretz»-ի փոխանցմամբ, Իսրայելում միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով պայթուցիկներ են ներմուծվում այդ երկիր կամ այնտեղից արտահանվում:
«Հետք»-ն իր հերթին ուսումնասիրել է «Haaretz»-ի հրապարակումից հետո կայացած նույնատիպ չվերթերը եւ պարզել, որ ապրիլ-հունիս ամիսներին տեղի է ունեցել եւս 4 թռիչք դեպի «Օվդա»:
Ելնելով աերոդրոմի բացառիկությունից՝ կարելի է ասել, որ այն ռազմավարական նշանակություն ունի զարգացած ռազմարդյունաբերություն ունեցող Իսրայելի եւ այս ոլորտում նրա գործընկեր երկրների համար: «Haaretz»-ը նշում է, որ պայթուցիկների տեղափոխումը Իսրայելի գլխավոր՝ Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի միջոցով արգելված է, քանի որ այն գտնվում է խիտ բնակեցված գոտում: Փոխարենը պետք է նկատել, որ «Օվդան» երկրի հարավային անապատային հատվածում է՝ Էյլաթ քաղաքից մոտ 45 կմ հյուսիս: 1980 թ. կառուցված «Օվդան» նախկինում ոչ միայն ռազմական ավիացիային էր ծառայում, այլեւ ընդունում էր քաղաքացիական չվերթեր՝ սպասարկելով Էյլաթ քաղաքն ու հարակից բնակավայրերը: Սակայն 2019 թվականից այն միայն ռազմական աերոդրոմ է՝ ավիաբազա:
Ըստ «Haaretz»-ի՝ տարիներ շարունակ միայն մի քանի արեւելաեվրոպական ավիափոխադրողներ են իրավունք ստացել օգտվել «Օվդայից»՝ տեղափոխելով պայթուցիկներ: Դրանցից մեկն ադրբեջանական «Silk Way Airlines» բեռնափոխադրող ավիաընկերությունն է, որն, ինչպես ասվեց վերեւում, 2016-ից մինչ օրս «Օվդայում» կատարել է առնվազն 96 վայրէջք:
«Haaretz»-ը հրապարակել է նաեւ Իսրայելի քաղավիացիոն իշխանության ղեկավարի 2013 թ. հոկտեմբերին տված այն թույլտվությունը, որը «Silk Way Airlines»-ին իրավունք է տալիս «Օվդայից» տեղափոխել «պայթուցիկ սուբստանցիա, որը դասակարգված է իբրեւ վտանգավոր եւ արգելված է տեղափոխել օդով»: Ինչպես տեղեկանում ենք փաստաթղթից, այն նախատեսված է եղել 2013 թ. նոյեմբերի 5-ին «Օվդայից» դեպի ադրբեջանական «Նասոսնայա» ավիաբազա (գտնվում է Սումգայիթի հարեւանությամբ) թռիչքի համար: Տեղափոխվող պայթուցիկ նյութի մաքուր առավելագույն քաշը, ըստ թույլտվության, սահմանվել է 15 տոննա:
«Silk Way Airlines»-ը հիմնադրվել է 2001 թ.: Թռիչքներում օգտագործվող դրա միջազգային կոդերն են՝ ZP (IATA) եւ AZQ (ICAO), ազդականչը՝ «SILK LINE», սակայն «Haaretz»-ը նշում է, որ դեպի «Օվդա» թռիչքների ժամանակ երբեմն կիրառվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ազդականչը: Սա նշանակում է, որ այդ թռիչքները կատարվել են հենց բանակի անունից:
«Haaretz»-ը նաեւ գրել է, որ 2016 թ. «Silk Way Airlines»-ին թույլատրվել է շարունակել վայրէջքները «Օվդայում», չնայած դրա ինքնաթիռները չեն համապատասխանում Իսրայելի ավիացիոն աղմուկի ստանդարտներին: Նկատենք, որ այս բեռնափոխադրողը ներկայում շահագործում է ռուսական «Իլ-76ՏԴ» (3 հատ, արտադրված են 1990-ականներին) եւ «Իլ-76ՏԴ-90» (2 հատ, արտադրված են 2007 եւ 2008 թթ.) ինքնաթիռներ, որոնցից առաջին տեսակի բեռնատարողությունը 50 տ է, իսկ երկրորդինը՝ 60 տ: Բացի դրանից՝ 2 հատ «Իլ-76ՏԴ-90»-ները մոդեռնիզացված են հենց ադրբեջանական կողմի պատվերով ու համապատասխանում են ICAO-ի ավիացիոն աղմուկի ներկա ստանդարտներին, որոնք առավել խիստ են, քան նախկինում եղել են:
Իսրայելական պարբերականը հրապարակել է «Silk Way Airlines»-ի կողմից դեպի «Օվդա» թռիչքների քանակական տվյալները՝ ըստ 2016-2023 թթ. կիսամյակների: Ինֆոգրաֆիկան ցույց է տալիս, որ թռիչքները դեպի «Օվդա» հաճախակիացել են այն ժամանակ, երբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախում կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։