
6 երեխայի արցախցի մայրը շրջափակման պատճառով չի կարողանում քաղցկեղ ունեցող երեխային տանել Երևան

Վեց երեխայի մայր՝ արցախցի Անուշ Անդրյանը, շրջափակման հետևանքով չի կարողանում քաղցկեղ ունեցող 9-ամյա դստերը տանել Երևան պարտադիր ստուգումների․
«Երեխային պետք են հետազոտություններ, մշտական հսկողություն, բայց մենք հիմա չենք կարողանում իրեն տեղափոխել Երեւան դա իրականացնելու համար։ Վերջին անգամ նոյեմբերին ենք արել հետազոտություն արել, բայց երեք ամիսը մեկ անելու կարիք կա, թե չէ հիվանդությունը գլուխ է բարձրանում»,- հայտնում է Անուշը։
Ընտանիքը Կարմիր խաչին դիմել է, սակայն ասել են, որ կարող են երեխաներից միայն մեկին տեղափոխել, բայց այդ դեպքում էլ երեխաներին խնամող չի լինելու․ Անուշի ամուսինը զինծառայող է։
«Երեխայիս միրգ է պետք, միս, բայց չունենք։ Այս պահին աառնարանումս հաց է, մուրաբայի հյութ, տոմատ ու ծիծակ։ Ոչ մի բան չկա սնվելու։ Ժամերով հերթ ենք կանգնում մեկ կիլո խաղողի համար, բայց դեռ հարց է՝ կարող ենք գնել, թե՝ ոչ։ Հացի համար ժամը մեկին գնում ենք, հինգին նոր վերադառնում։ Երեկ ինը հաց ենք վերցրել, բայց երկու երեխաներիս հետ եմ գնացել, որովհետեւ միայն այդ քանակության հաց չէին տա»,- նշել է նա։