ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պարոն Փաշինյան, վախ չունե՞ք, որ մի օր ձեր սրտի դատավորները ձեր դատավճիռը կիրականացնեն. լրագրողը՝ Փաշինյանին
Այս րոպեներին ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ Ընթացքում լրագրողներից մեկը հետաքրքրվեց․
«Դու՛ք, պարոն Փաշինյան, դատավորներին անվանեցիք վնգստացողներ, որոնք հրամանի են սպասում։ Հիմա ձեր ուզած վճիռները չիրականացնելու համար՝ դատավորների եք հեռացնում։ Անկեղծ ասեք՝ ինչպե՞ս կորակեր իշխանության այս գործելակերպն ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։ Ի վերջո, վախ չունե՞ք, որ մի օր ձեր «սրտի դատավորները» հենց ձեր դատավճիռն են կարդալու»։
Այս հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի իր ասուլիսում պատասխանեց։
«Վախ չունեմ, ունեմ արդարության մեծ ձգտում և գիտակցում եմ, որ եթե մի բան արել եմ, որ պետք է իմ սրտի կամ ոչ սրտի դատավորների կողմից քննության արժանանա, անպայման կարժանանա» ,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն անկեղծացավ․ «Մենք երբեք էլ չենք թաքցրել, որ մենք դատական համակարգում բարեփոխումների շատ դժվար ճանապարհ ենք անցնում։ Էդտեղ մեծ հաջողություններ չունենք»։
Վարչապետը նաև շեշտեց՝ մեր դատական համկարգում անկախության խնդիր կա։
«Ո՞վ չգիտի դրա մասին։ Կարող եմ ասել, թե ինչ է անում Կառավարությունը՝ դատական համակարգում անկախացման համար։ Դատավորների աշխատավարձերն է բարձրացնում, որ նրանք սոցիալական պաշտպանվածության ավելի բարձր մակարդակ ունենան» ,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում