Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել հավաքների ազատության ձևական սահմանափակումները․ ԱՀ հանրային խորհուրդ

ԱՀ Հանրային խորհրդի հայտարարությունը՝ Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․

 

«Արցախում ստեղծված ծանր իրավիճակի պայմաններում տեղական իշխանությունները խոսքերից, կոչերից ու հայտարարություններից ժամ առաջ պետք է անցնեն հանրային պահանջներից բխող տեսլականների քննարկումներին, գործողություններին և քայլերին:

 

 Ընդ որում, իշխանություններ ասելով՝ նկատի ունենք ոչ միայն հանրապետության նախագահին կամ պետական նախարարին, այլև՝ Սահմանադրության համաձայն երկրում ձևավորված իշխանության բոլոր երեք թևերին՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններին: Անթույլատրելի ենք համարում մեր հանրապետության առջև ծառացած մարտահրավերների դիմակայումը բացառապես հասարակական-քաղաքական միավորումների, շարժումների, առավել ևս՝ ծանրագույն վիճակում հայտնված ժողովրդի ուսերին թողնելը:

 

Վաղուց արդեն ժամանակն է ազդարարել Արցախյան գոյամարտի վճռական ու բեկումնային փուլի մասին: Ազդարարումը պետք է լինի ոչ միայն վերը նշված սուբյեկտների, այլև հենց հանրապետության իշխանությունների բոլոր երեք թևերի անհետաձգելի քննարկումների արդյունքում: Անհրաժեշտ է մի կողմ թողնել քաղաքական հակոտնյա հայացքները, քաղաքական զսպվածության կանխավարկածով պայմանավորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց և աշխատողների՝ երկրում տեղի ունեցող գործընթացներին մասնակցության օրենսդրական սահմանափակումները: Արցախի ժողովրդի զգալի մասը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական մասնակցությամբ հիմնարկ-կազմակերպությունների ծառայողներ են, որոնց պասիվ կեցվածքը չի արտահայտում Արցախում վերջին օրերին թափ առած շարժումների ոգին ու տրամադրությունները: Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ձևական սահմանափակումները՝ կապված հավաքների, ցույցերի, խոսքի և կարծիքի ազատության հետ: 

 

Այս պայմաններում յուրաքանչյուրի ողջամիտ և իրատեսական խոսքը, կարծիքն ու հանրության միասնությունն ամրապնդող բոլոր միջոցառումները խթան կարող են հանդիսանալ անելանելի թվացող վիճակից դուրս գալու ճանապարհների որոնման գործում:

 

 Անթույլատրելի ենք համարում հատկապես երկրի օրենսդիր իշխանության պասիվ կեցվածքը: Այս օրերին ոչ թե ամենօրյա, այլև՝ ամենժամյա ռեժիմով պետք է աշխատի օրենսդիրը՝ ուշի-ուշով հետևելով հանրային հնչեղության պահանջներից բխող գործընթացներին՝ անհետաձգելի սկզբունքով իրավական ուժ հաղորդելով վերջիններիս: Հայոց պատմության մեջ նոր էջ թևակոխած Արցախի ժողովուրդը, որին փաստացի միայնակ է թողել ոչ միայն միջազգային հանրությունը, այլընտրանք չունի, քան դիմելու վճռական գործողությունների և քայլերի: Այս փուլը Հայոց պատմության էջերում պետք է գրվի ոսկե տառերով, քանզի սա գիտակցված պայքար է ոչ միայն արցախցիների կյանքի, այլև՝ ողջ հայության ապագայի համար:

 

 Եռակողմ հայտարարության 6-րդ կետի վերջին պարբերության համաձայն` Ադրբեջանը պարտավորվել է ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների երթևեկությունը և բեռնափոխադրումները երկկողմ (Արցախ-Հայաստան և հակառակ) ուղղություններով։ Հարկ է ամենժամյա ռեժիմով բարձրաձայնել, որ Հայտարարությունը ստորագրած երեք կողմերի ղեկավարները կրում են փաստաթղթի բոլոր պայմանների պատշաճ կատարման համար պատասխանատվություն։ Հայտարարության 5-րդ կետի իրավակարգավորման իմաստով` պայմանավորվող կողմերի ստանձնած պարտավորությունների արդյունավետության ապահովման նպատակով Արցախում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբ։ 

 

Վերջինս առանձնահատուկ դերակատարություն պետք է ունենա Հայտարարության բոլոր կետերի կատարման ապահովման հարցում, առանց նրանց կողմից ներկայացվող անգործության տարաբնույթ պատճառաբանությունների: Ընդհանրացնելով՝ պետք է արձանագրել հետևյալը. ամբողջ աշխարհի կողմից ուրացված և բախտի քմահաճույքին թողնված Արցախը պետք է իր գործնական քայլերով հասնի իր սուբյեկտայնության և ինքնորոշման իրավունքի իրացման՝ մինչև 2020թ. սեպտեմբերի 27-ն ունեցած կարգավիճակին»