Սենատոր Գրիգորի Կարասինը պատասխանել է ադրբեջանցի պատգամավորի ոչ կոռեկտ հայտարարություններին
Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինն իր թելեգրամյան ալիքում արձագանքել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի կոշտ հայտարարություններին:
«Ես չեմ կարող չարձագանքել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի ոչ բարեկամական հայտարարություններին։ Ի պատասխան ՌԴ ԱԳՆ այս տարվա հուլիսի 15-ի հայտարարության՝ նա պնդում է, որ «Ռուսաստանը չի ցանկանում խաղաղություն Հարավային Կովկասում և շահագրգռված է շարունակել արյունալի հակամարտությունն ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև։ Խորհրդարանականն իրեն նույնիսկ թույլ է տվել մեր երկիրն անվանել «անվստահելի ու արյունարբու» և պահանջել դուրս բերել ռուսական խաղաղապահ զորակազմը»,- գրել է նա՝ հույս հայտնելով, որ նման հակառուսական հարձակումները չեն արտացոլում Բաքվի պաշտոնական դիրքորոշումը։ Ըստ նրա՝ կարևոր է, որ դրանց գնահատական տան նաև Ադրբեջանի խորհրդարանում։
«Պատգամավորին հիշեցնեմ, որ ԼՂ հիմնախնդրի բոլոր փուլերում, հիմնականում Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, հնարավոր եղավ դադարեցնել ռազմական գործողությունները, կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և հասնել փոխզիջումների։
2020 թվականի աշնանը նախագահ Պուտինը դադարեցրեց արյունահեղությունը տարածաշրջանում: Մոսկվայի մասնակցությամբ մշակվել են ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանագրեր, որոնք հիմք են հանդիսանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար։
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների որոշմամբ տեղակայված ռուս խաղաղապահները խաղաղություն են հաստատել Ղարաբաղում՝ օգնելով լուծել առաջնահերթ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրները։ Միայն մեկ փաստ՝ 2020 թվականի նոյեմբերից զորախումբը ականազերծել է ավելի քան 2,5 հազար հեկտար տարածք, այդ թվում՝ գրեթե 700 կմ ճանապարհ։ Մեր խաղաղապահները Ղարաբաղի հայերին և ադրբեջանցիներին հնարավորություն են տվել քննարկել խաղաղության օրակարգը։ Մենք բացարձակապես անպատասխանատու ենք համարում ռուսական զորախմբի դուրսբերման պահանջները»,- գրել է Կարասինը։
Նրա խոսքով՝ Հասանգուլիևի հայտարարությունն ամբողջությամբ հակասում է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի ոգուն և բովանդակությանը և չի համապատասխանում Բաքվի ու Մոսկվայի բարձր մակարդակի հարաբերություններին, այդ թվում՝ խորհրդարանական ուղղությամբ։
«Մենք Դաշնային խորհրդում պատրաստ ենք շարունակելու կառուցողական երկխոսությունը ադրբեջանցի գործընկերների հետ, որոնք, ինչպես գիտենք, բացարձակ մեծամասնություն են»,- գրել է Կարասինը։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի պատգամավորը հայտարարել էր․ «Անհրաժեշտ է ԱԳՆ կանչել Ռուսաստանի դեսպանին և նրան ընդգրկուն տեղեկություն տրամադրել այն քայլերի մասին, որոնք կձեռնարկի Ադրբեջանը: Անհրաժեշտ է նաև Մոսկվայից պահանջել այսուհետ զերծ մնալ սադրիչ վարքագծից, որը մեր երկրների միջև ստորագրված փաստաթղթերը վերածում է անօգուտ թղթերի և գործընկերների և հարևանների աչքում Ռուսաստանը ներկայացնում որպես անվստահելի և արյունարբու երկրի:
«Մենք պետք է պաշտոնապես հայտարարենք, որ Ադրբեջանում գտնվելու համար ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման մասին խոսք լինել չի կարող։ 2025 թվականը, երբ լրանում է ռուս խաղաղապահների մանդատի ժամկետը, նաև խաղաղ բանակցությունների վերջնաժամկետ է։ Եթե հստակ չնշենք այդ դիրքորոշումը, ապա բանակցությունները կշարունակվեն հավերժ»։
Նմանատիպ հոդվածներ
Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի. Տոյվո Կլաար
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որ մ...
Կդիմենք ավելի կոշտ գործողությունների․ Արայիկ Հարությունյանը՝ Արցախում իրավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանը նստացույց է հայտարարում: «Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վերահաս հումանի...
Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կին...
Շառլ Միշելի հայտարարությունը՝ Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման մասին
Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրա...