Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ կապված «Հուլիսի 15-ին ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ ոչ կոռեկտ մեկնաբանությունների» հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Փոլադ Բյուլբյուլօղլուի հանդիպման ժամանակ ռուսական կողմը վերահաստատել է «Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկայնքով երկու ուղղություններով տրանսպորտային կապերի վերականգնման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսաապահովման համար պայմանների ստեղծումը»։
Ռուդենկոն ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը, որին կհաջորդի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների գագաթնաժողովը Մոսկվայում խաղաղության պայմանագրի ստորագրման համար։
Հուլիսի 16-ին Բաքուն տարակուսանք և հիասթափություն է հայտնել ՌԴ ԱԳՆ-ի՝ ԼՂ-ի վերաբերյալ հայտարարության առնչությամբ։ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը «չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև փոխադարձ համագործակցության մասին հռչակագրին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներին՝ Ադրբեջանի, այդ թվում՝ ղարաբաղյան տարածաշրջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցությանը»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի տարածքի մաս «արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները», որոնց ներքո ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։
«2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներում Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի իրավիճակը»,-ասված է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ դիրքորոշմամբ՝ «այս պայմաններում պետք չէ Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա, պետք է անհապաղ սկսել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ հենվելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»։
Նշվել է, որ այս պայմանագրի մաս պետք է դառնան «Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական կատարումը, որոնց թվում նաև հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանազատման գործարկումն է»։
Մտահոգիչ համարելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը՝ ՌԴ ԱԳՆ-ն Բաքվին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման համար:
Նմանատիպ հոդվածներ
Կդիմենք ավելի կոշտ գործողությունների․ Արայիկ Հարությունյանը՝ Արցախում իրավիճակի մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարութունյանը նստացույց է հայտարարում: «Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վերահաս հումանի...
Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի. Տոյվո Կլաար
ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որ մ...
Շառլ Միշելի հայտարարությունը՝ Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման մասին
Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրա...
Գրիգոր Մինասյանի ծնողները հրավիրվել են Գլխավոր դատախազություն
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ծնողները՝ Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի նախկին տնօրեն Արա Մինասյանը և նրա կին...