
Հոլիվուդի դերասանները կարող են միանալ սցենարիստների գործադուլին

Ֆիլմերի և հեռուստասերիալների դերասաններին ներկայացնող արհմիությունը՝ ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիան, հայտարարել է, որ կինոստուդիաների և սթրիմինգային ծառայությունների ներկայացուցիչների հետ համաձայնության հասնել չի հաջողվել։
Տեղեկությունը հայտնում է Associated Press գործակալությունը։
Գիլդիայի ղեկավարությունը հուլիսի 13-ին քվեարկության միջոցով կորոշի արդեն գործադուլում գտնվող սցենարիստների գործադուլին միանալու հարցը։ Կինոստուդիաներին ներկայացնող խումբն իր հերթին հիասթափություն է հայտնել համաձայնության ձախողմամբ։
Եթե դերասանները գործադուլ հայտարարեն, սա կլինի 1960 թ․-ից ի վեր առաջին նման դեպքը։ ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիան գործադուլ է անցկացնում մայիսի սկզբից․ դա մեծապես դանդաղեցրել է ֆիլմերի և հեռուստասերիալների արտադրությունը։ Սցենարիստները սթրիմինգային հսկաներից (ինչպիսիք են, օրինակ՝ Netflix-ը և Amazon-ը) պահանջում են ավելի լավ պայմաններ։