![Դիանա Գասպարյանին պաշտոնանկ կանե՞ն․ «Հրապարակ»](https://auroranews.am/storage/img/base_image/old/4ba5577be2ddc94dfd75aee01af88360.webp)
Դիանա Գասպարյանին պաշտոնանկ կանե՞ն․ «Հրապարակ»
![Դիանա Գասպարյանին պաշտոնանկ կանե՞ն․ «Հրապարակ»](https://auroranews.am/storage/img/base_image/old/4ba5577be2ddc94dfd75aee01af88360.webp)
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Տեւական ժամանակ է՝ Էջմիածնում լուրեր են շրջանառվում համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի պաշտոնանկության մասին։ Համայնքապետարանի մեր աղբյուրը թեեւ այդ լուրերի հավաստիությունը չհաստատեց, բայց չհերքեց էլ։ Ըստ նրա՝ Գասպարյանի նկատմամբ վերադասի անվստահությունը գալիս է դեռ 2021 թվականից, երբ համացանցում հայտնվեց Սուրեն Պապիկյանի հետ նրա հեռախոսազրույցի ձայնագրությունը։ «Բայց քանի որ այդ ժամանակ Գասպարյանին փոխարինելու հարմար թեկնածու չունեին, մի կողմից էլ՝ այդ դեպքով ՔՊ-ի հեղինակությունն էր սասանվում, ջրեցին՝ գնաց։ Դրանից հետո մտածել, որ Գասպարյանը կատարվածը հեշտ մարսեց, միամիտ կլինի»,-ասաց համայնքապետարանի աշխատակիցը։
Ձայնագրության «սլիվը» չմարսած՝ ի հայտ եկավ նաեւ Դիանա Գասպարյանի եւ Էջմիածնի ավագանու նախկին անդամ Արամ Միրզոյանի կապը։ Թեեւ զույգն արդեն ամուսնացել է, եւ ընտանիքում շուտով համալրում է լինելու` քաղաքապետը երեխայի է սպասում, բայց ՔՊ-ական վերնախավը, որի աչքին Դիանան խաղեր է տալիս, մեղմ ասած, չողջունեց այդ միությունը։ Երիտասարդը՝ Գասպարյանի ամուսինը, հանգուցյալ Մանվել Գրիգորյանի որդիների մոտ ընկերն է, որոնցից մեկին՝ Արմանին, ընտրել էր իրենց հարսանիքի կնքահայր։ Ասում են՝ Դիանան դե ֆակտո քաղաքի ղեկը հանձնել է ամուսնուն, որն էլ ուղիղ ազդեցություն ունի կարեւոր որոշումների կայացման վրա, ինչը նույնպես Էջմիածնի ՔՊ-ականներին դուր չի գալիս։
«Փաշինյանին ու նրա թիմին, բնականաբար, սա էլ դուր չէր եկել։ Իմ իմանալով՝ ՔՊ-ականները Գասպարյանի առաջ քավորին փոխելու հարց էին դրել, եւ կարծեմ՝ հարսանիքին Արմանը քավորություն չի էլ արել։ Նրա պաշտոնանկության մասին խոսակցությունները հենց այդ ժամանակներից են գալիս։ Բայց ես չէի ասի, թե Գասպարյանին կազատեն պաշտոնից․ ուղղակի կգնա ֆիզարձակուրդ եւ այլեւս չի վերադառնա։ Ի վերջո, ինքը դեռ 2021 թվականին էր, չէ՞, ուզում հրաժարական տալ․ այդ մասին Պապիկյանին ասել էր դեռ հայտնի հեռախոսազրույցի ժամանակ»,- ասաց մեր զրուցակիցը։
Իսկ թե ինչու են հիմա շրջանառվում Դիանա Գասպարյանի պաշտոնանկութան մասին խոսակցությունները, զրուցակցիս կարծիքով՝ ՔՊ-ն արժանի փոխարինող է գտել։ Արժանի փոխարինողի անունն էլ, պարզվում է, Արսեն Պետրոսյան է` Դիանա Գասպարյանի տեղակալը։ Այն Արսենը, որ նույնիսկ միջնակարգ կրթություն չունի, բայց արդեն հինգ տարի է՝ քաղաքապետի տեղակալ է աշխատում։ Ի դեպ, այդ պաշտոնը նա ստացել է անձամբ Նիկոլ Փաշինյանից ու ստացել է, ոչ ավել, ոչ պակաս՝ տաքսու ղեկը թողնելուց անմիջապես հետո։
Արսեն Պետրոսյանի սրտի իշխանությունը հիմա էլ լծվել է անուս պաշտոնյային կրթելու գործին։ Վերջերս տարբեր մարզերի իշխանիկների հետ Շվեդիա էր մեկնել նաեւ Արսեն Պետրոսյանը՝ մասնակցելու Շվեդիայի տեղական իշխանությունների եւ տարածաշրջանային ասոցիացիայի (SALAR) ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ապակենտրոնացմանն ու ՏԻՄ բարեփոխումներին» ծրագրին։
Ի տարբերություն Դիանայի, Արսենը հեշտ կառավարվող է․ արագ հարմարվում է միջավայրին, չունի կայուն սկզբունքներ եւ հրահանգները կատարելու հարցում որեւէ պրոբլեմ։ Այսինքն, համայնքի ղեկավարի իդեալական թեկնածու` «Քաղպայմանագրի» համար»։