Իտալիան 2 միլիարդ եվրոյի չափով սառեցրել է ՌԴ-ի և Բելառուսի քաղաքացիների ակտիվները
Իտալիայի իշխանությունները սահմանված պատժամիջոցների պատճառով սառեցրել են բելառուսների ու ռուսների հաշիվները, գույքը և այլ ակտիվներ՝ մոտ 2 միլիարդ եվրոյի չափով։ Այս մասին հայտնել է ֆինանսական տեղեկատվության դեպարտամենտի ղեկավար Էնցո Սերատան։ Խոսքը, ի թիվս այլ բաների, վիլլաների, զբոսանավերի և շքեղ մեքենաների մասին է։
«Այս տարվա հունիսի վերջի դրությամբ 80 սուբյեկտների անունով սառեցվել է 170 ֆինանսական գործարք։ Սառեցված միջոցների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 330 միլիոն եվրո»,- ասել է Սերատան իր տարեկան զեկույցում:
Այսօր ավելի վաղ Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը հայտարարել էր, որ Եվրոպայում արգելափակված ռուսական ակտիվների գումարը կազմում է 207 միլիարդ եվրո։ Նրա խոսքով՝ ԵՀ-ն շարունակում է քննարկել դրանցից ստացված եկամուտները Ուկրաինայի վերականգնմանը տրամադրելու հարցը։
Հունիսի վերջին Եվրամիությունը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը։